Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունն էական նշանակություն ունի աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում կողմնորոշվելու առումով․ Արարատ Միրզոյան
3 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հուսով է, որ Երևանի և Վաշինգտոնի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության կանոնադրությունը կծառայի որպես երկու երկրների միջև խորացող հարաբերությունների վկայություն և ընդհանուր ձեռքբերումներով լի ապագայի ճանապարհային քարտեզ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարն այդ մասին գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։
🇦🇲-🇺🇸 relations have matured to a point where upgrading them to #strategic partnership is not only fitting but essential for navigating the complex geopolitical landscape.
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) January 15, 2025
Let the #Armenia - #U.S. Strategic Partnership Charter we signed with @SecBlinken serve as a testament to… pic.twitter.com/cb20SlAoKI
ԱԳ նախարարը կարծիք է հայտնել, որ Երևանի և Վաշինգտոնի հարաբերությունները նշանակալիորեն հասունացել են, ուստի դրանք ռազմավարական գործընկերության վերածելը ինչպես տեղին է, այնպես էլ էական։
«Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները հասունացել են այն աստիճանի, որ դրանց վերափոխումը դեպի ռազմավարական գործընկերություն ոչ միայն տեղին է, այլև էական՝ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում կողմնորոշվելու համար»,-նշել է Միրզոյանը:
ՀՀ արտաքին գործերի նախարարը նաև հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգների հետ Հայաստանի ստորագրած փաստաթուղթը կծառայի որպես հարաբերությունների ապագա ճանապարհային քարտեզ։
«Թող Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, որը ստորագրել ենք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, որպես Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև խորացող հարաբերությունների վկայություն և ընդհանուր ձեռքբերումներով լի ապագայի ճանապարհային քարտեզ ծառայի»,-ընդգծել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները հունվարի 14–ին ստորագրեցին Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը: Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ստորագրման արարողությանը նշել էր, որ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ձևավորում է ամուր հիմք և երկու երկրների համագործակցությունը դարձնում ավելի հավակնոտ։ Այն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ տնտեսական և էներգետիկ կապերի ամրապնդում, հաղորդակցություններ, պաշտպանության և անվտանգության համագործակցության խորացում, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, արդարադատության և օրենքի գերակայության խթանում, նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների զարգացում, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ընդլայնում: