ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը անդրադարձավ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությանը, համաձայն որի առաջիկա շաբաթներին ամերիկյան թիմը կժամանի Հայաստան՝ նպաստելու սահմանային անվտանգության և խաղաղապահ կարողությունների զարգացմանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ընթացքում Պապիկյանը նշեց, որ Հայաստանի զինված ուժերը սահմանապահ զորքերը չի վերահսկում, և սահմանային անցակետերը ԶՈւ պատասխանատվության շրջանակում չեն գտնվում։ Այնուամենայնիվ, նախարարն անդրադարձավ խաղաղապահ ոլորտում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև շարունակական համագործակցությանը «Արծիվ գործընկեր» զորավարժությունների միջոցով։
«Նման համագործակցություն վերջին երկու տարիներին շարունակել ենք ունենալ։ Դրա նախադրյալները դրված են դեռևս 20 տարի առաջ և բավականին երկարաժամկետ համագործակցություն կա։ Դա տեղի է ունենում Կանզասի ազգային գվարդիայի հետ համագործակցության շրջանակներում։ Իհարկե, ամեն տարի փորձում ենք ավելի հագեցնել և այդ համագործակցությունն ավելի երկարաժամկետ պլանավորման տրամաբանության մեջ դնել։ Ինչպես նախորդող տարիներին, հիմա էլ կան քննարկումներ 2025 թվականին նման միջոցառում անցկացնելու։ Կարծում եմ, այստեղ որևէ խոչընդոտ չկա և մենք կկարողանանք նմանատիպ ևս մեկ զորավարժություն անցկացնել, որը մեծ նշանակություն է ունենում մեր խաղաղապահ կոնտինգենտի և մեր փորձի փոխանակման շրջանակներում ստորաբաժանման մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ»,- ասաց Պապիկյանը։
Նախարարին նաև հարց էր ուղղվել, թե արդյոք Հայաստանի ու Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը նախատեսում է սպառազինության վաճառքի հնարավորություն։
Պապիկյանը պարզաբանեց, որ նման հարց փաստաթղթում ներառված չէ, և համագործակցությունը հիմնականում կառուցված է ինստիտուցիոնալ և երկարաժամկետ հիմքերի վրա։
«Բնականաբար, մենք շահագրգիռ ենք, որ մեր համագործակցությունը մի օր հանգի նմանատիպ համագործակցության, որովհետև մենք ունենք որոշակի համագործակցության փորձ բժշկական և նմանատիպ սարքավորումների ու տեխնիկական միջոցների ձեռքբերման ուղղությամբ»,- ասաց Պապիկյանը։
Հունվարի 14-ին Հայաստանի ու Ամերիկայի Միացյալ Նահանգները ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման արարողությունից առաջ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ առաջիկա շաբաթներին Հայաստան կմեկնի մաքսային և սահմանային անվտանգության հարցերով թիմ՝ աշխատելու հայ գործընկերների հետ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման, անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման և Հայաստանի խաղաղապահ կարողությունների բարձրացման ուղղությամբ` «Արծիվ գործընկեր»-ի նման զորավարժությունների միջոցով։