Եվրոպա

ՆԱՏՕ-ն կմեծացնի ռազմական ներկայությունը Բալթիկ ծովում

2 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն կմեծացնի ռազմական ներկայությունը Բալթիկ ծովում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն կմեծացնի Բալթիկ ծովում ռազմական ներկայությունը Էստոնիայի և Ֆինլանդիայի միջև ստորջրյա Estlink 2 էլեկտրամալուխի վնասման ֆոնին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ 

«Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ խոսել եմ ստորջրյա մալուխների նկատմամբ հնարավոր դիվերսիայի խնդրով Ֆինլանդիայի կողմից շարունակվող հետաքննության մասին: Ես լիակատար համերաշխություն և աջակցություն եմ հայտնել: ՆԱՏՕ-ն կուժեղացնի իր ռազմական ներկայությունը Բալթիկ ծովում», - գրել է Ռյուտեն X սոցցանցում:

Ստուբի վարչակազմում դեկտեմբերի 27-ին հայտնել են, որ Ֆինլանդիան և Էստոնիան համակարծիք են տարածաշրջանում, հատկապես կրիտիկական ստորջրյա ենթակառուցվածքի մերձակայքում ՆԱՏՕ-ի ուժերի ավելի մեծ ներկայության անհրաժեշտության հարցում: Հելսինկին առայժմ չի կարող հայտարարել, որ սուզանավային մալուխի վնասվելը դիվերսիա է եղել։

«Եթե մենք կարողանանք հստակորեն ցույց տալ, որ միջադեպը դիվերսիա է եղել, և դրա հետևում կանգնած է պետական ​​դերակատար, ապա հստակ և անհապաղ կնշենք դա», - Ստուբի խոսքը մեջբերում է Reuters գործակալությունը։ 

Ֆինլանդիայի նախագահն ընդգծել է, որ երկրում էներգետիկայի և հեռահաղորդակցության հետ կապված իրավիճակը մնում է կայուն։

Էստոնիայի և Ֆինլանդիայի միջև Estlink 2 էլեկտրամալուխի խափանումը տեղի է ունեցել այս շաբաթվա սկզբին։ Սա այս տարի Բալթիկ ծովում արդեն երրորդ նման միջադեպն է: Մալուխային օպերատոր ընկերությունում չեն բացառել արտաքին միջամտության հնարավորությունը, սակայն ընդգծել են, որ միջադեպի պատճառները դեռ պետք է պարզել։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում