Հայաստան

Վերահսկողությունն իրականացնելու է քաղաքապետարանը. Ավինյանը՝ մանկապարտեզներում տեսահսկման համակարգերի տեղադրման մասին

2 րոպեի ընթերցում

Վերահսկողությունն իրականացնելու է քաղաքապետարանը. Ավինյանը՝ մանկապարտեզներում տեսահսկման համակարգերի տեղադրման մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանն այս տարի մեկնարկել է մանկապարտեզներում տեսահսկման համակարգերի տեղադրման գործընթաց: Վերահսկողությունն իրականացնելու է քաղաքապետարանը, այն հասանելի չի լինելու բոլորին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Մեկնարկել ենք մանկապարտեզներում տեսահսկման համակարգերի տեղադրման գործընթացը»,–ասաց Ավինյանը:

Նա այս գործընթացը շատ կարևորեց՝ հետագայում բռնության կամ երեխայի նկատմամբ ոչ պատշաճ այլ վերաբերմունքի վերաբերյալ բոլոր խոսակցությունները բացառելու համար: «Վերահսկողությունն իրականացվելու է քաղաքապետարանի համապատասխան վարչության կողմից: Հասանելի չի լինելու բոլորի համար»,–նշեց քաղաքապետը: 

Ավինյանի խոսքով՝ այս տարի քաղաքապետարանը նաև մանկապարտեզների սննդի որակն է բարելավել: 

«Շատ լուրջ վերահսկողություն ենք դրել սննդի ամբողջ շղթայի մասով: Սկսած արտադրամասից սնունդը կապարակնքվում է և բացվում միայն մանկապարտեզներում: Մանկապարտեզներում խոհանոցներում վերջին քննարկումները ցույց են տալիս, որ իրապես սննդի որակը բարելավվել է»,–ասաց նա:

Ավինյանը նաև նշեց, որ այս տարի 23 մանկապարտեզ ստացել է նոր գույք, 40 մանկապարտեզ ստացել է սպորտային գույք: 9 դպրոցներում բացվել են նախակրթարաններ: 

«10 մանկապարտեզներում ներդրել ենք ռոբոտաշինության ծրագիր: Այն շատ հետաքրքիր, ինտերակտիվ ծրագիր է: Որոշում ենք կայացրել հաջորդ տարի բոլոր մանկապարտեզներում այս ծրագիրն իրականացնել»,–ասաց քաղաքապետը՝ հավելելով, որ այն նախատեսված է այդ տարիքի երեխաների համար:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում