Հայաստան

ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է Ժաննա Հովակիմյանը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է Ժաննա Հովակիմյանը

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է կենսաբանական գիտությունների թեկնածու Ժաննա Հովակիմյանը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԳԱԱ-ից հայտնում են, որ նախագահության նիստում ներկայացնելով բուսաբանության ինստիտուտի զարգացման ծրագիրը՝ նորընտիր տնօրենը նշել է, որ Երևանի բուսաբանական այգում ներկայում իրականացվում է «Կյանքի պուրակ» խոշոր նախագիծը՝ նվիրված Արցախյան ազատամարտի ընթացքում զոհված հերոսների հիշատակին։ Ինստիտուտն ակտիվորեն համագործակցում է ներպետական և միջազգային կառույցների հետ։ Առկա խնդիրներից է ինստիտուտի և բուսաբանական այգիների ենթակառուցվածքների տեխնիկական վերազինումը։

Ժաննա Հովակիմյանը թվել է այն ուղղությունները, որոնք առաջնահերթ են ինստիտուտի զարգացման համար։ 

«Մենք պետք է պահպանենք և զարգացնենք ինստիտուտի ավանդական առաջատար մասնագիտական ուղղությունները, իրականացնենք ՀՀ ֆլորայի և էկոհամակարգերի in situ և ex situ պահպանության հարցերի հետազոտում, զարգացնենք համագործակցությունը հանրապետական և միջազգային գիտակրթական հաստատությունների հետ, ստեղծենք նոր կապեր, մշակենք ներգրավման մեխանիզմներ երիտասարդ կադրերին ներգրավելու համար, ավելացնենք միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում տպագրությունների քանակը։ Մեր նպատակներից է «Թախտաջանիա» գիտական ամսագրի համապատասխանեցումը միջազգային չափանիշներին», - ասել է Ժաննա Հովակիմյանը։

Ժաննա Հովակիմյանը 51 գիտական հրապարակումների հեղինակ է, որից 4-ը՝ մենագրություն: Նա 3 գյուտի արտոնագիր ունի։ 2023թ․ պարգևատրվել է ՀՀ ԳԱԱ-ի հոբելյանական 80-ամյակի ոսկե հուշամեդալով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում