Աշխարհ

Մակրոնը հաստատել է Ֆրանսիայի նոր կառավարության կազմը

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրու
Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրու

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 23-ի երեկոյան հաստատել է երկրի նոր կառավարության կազմը. նախկին կաբինետը պաշտոնաթող էր եղել խորհրդարանում վարչապետին անվստահության քվե հայտնելու պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Radio France Internationale-ը։ 

Կառավարության նոր կազմը, որը ներկայացրել է նորանշանակ վարչապետ Ֆրանսուա Բայրուն, ներառում է ինչպես հեռացող թիմի որոշ անդամների, այնպես էլ նոր նախարարների։

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն և զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն պահպանել են պաշտոնը։ 

Նախկին վարչապետ Էլիզաբեթ Բորնը նշանակվել է կրթության նախարար, իսկ Ժերալդ Դարմանենը, որը 2020 թ. հուլիսից մինչև 2024 թ. սեպտեմբեր զբաղեցնում էր ներքին գործերի նախարարի պաշտոնը, նշանակվել է արդարադատության նախարար։ Ներքին գործերի նախարար Բրունո Ռետայոն, որը խոստացել է պայքարել անօրինական միգրացիայի դեմ, պահպանել է պաշտոնը։

Ֆրանսիայի նոր կառավարությունն աշխատանքը կսկսի 2025 թվականի հունվարի 3-ից։

Ֆրանսիայի խորհրդարանը դեկտեմբերի սկզբին անվստահության քվե էր հայտնել Միշել Բառնիեի կառավարությանը, քանի որ վերջինս խորհրդարանում անցկացրել էր 2025 թ. սոցիալական ապահովագրության մասին բյուջեն՝ կիրառելով Սահմանադրության հոդվածներից մեկը և շրջանցելով պատգամավորների քվեարկությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում