Կրթություն

Բռնություն կիրառող ուսուցիչը տեղ չունի դպրոցում. ԿԳՄՍ նախարարը մասնակցել է Կրթության տեսչական մարմնի հաշվետու միջոցառմանը

2 րոպեի ընթերցում

Բռնություն կիրառող ուսուցիչը տեղ չունի դպրոցում. ԿԳՄՍ նախարարը մասնակցել է Կրթության տեսչական մարմնի հաշվետու միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳՄՍ նախարար, Տեսչական մարմնի կառավարման խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է Կրթության տեսչական մարմնի տարեվերջյան հաշվետու միջոցառմանը, որին ներկա են եղել նաև կրթության ոլորտի ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ և տեսչական մարմնի աշխատակիցներ: 

«Արմենպրես»-ը հաղորդմամբ՝ Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ շեշտադրելով նախարարության և Տեսչական մարմնի համագործակցության կարևորությունը: Նա ընդգծել է, որ միայն համատեղ ջանքերով հնարավոր կլինի առավել արդյունավետ իրականացնել կրթության ոլորտի բարեփոխումները:

Ըստ նախարարի՝ կառույցն իր գործունեության շրջանակում պետք է մշտապես հաշվի առնի երեխայի լավագույն շահը՝ միանշանակորեն բացառելով որևէ տեսակի բռնություն դպրոցներում: 

«Նախարարությունը ստանում է մտահոգիչ ահազանգեր դպրոցներում արձանագրվող բռնության դեպքերի առնչությամբ, որն անթույլատրելի է: Բռնություն կիրառող ուսուցիչը տեղ չունի դպրոցում և այս երևույթի բացառման ուղղությամբ մենք պետք է ջանքերը համատեղենք և ավելացնենք»,- ասել է նախարարը` ընդգծելով Տեսչական մարմնի աշխատանքի արդյունավետության բարելավումը հատկապես այս ուղղությամբ:

Տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը ներկայացրել է 2024 թվականի ձեռքբերումները և 2025 թվականի մարտահրավերները՝ շեշտելով վերահսկողական և կանխարգելիչ գործընթացների բարելավմանն ուղղված նոր նախաձեռնությունները: 

Ներկաներին ողջունել է նաև ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:

Հանդիպմանը ծավալվել է ակտիվ քննարկում, որի ընթացքում մասնակիցներն ուղղել են իրենց հուզող հարցերը, մտքեր փոխանակել կրթության որակի բարձրացման և Տեսչական մարմնի աշխատանքը կատարելագործելու վերաբերյալ: Գործընկերները դրական են գնահատել տեսչական մարմնի գործիքակազմի և մեթոդաբանության լավարկման աշխատանքները։

Միջոցառման ավարտին Կրթության տեսչական մարմնի աշխատակիցները պարգևատրվել են շնորհակալագրերով։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում