Մարզեր

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելը Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարը բարոյական քայլ է համարում

2 րոպեի ընթերցում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելը Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարը բարոյական քայլ է համարում

ԳՅՈՒՄՐԻ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գյումրիի քաղաքապետարանում հաջորդ տարվա հունվարից կադրային փոփոխություններ կլինեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասաց Գյումրիի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը։

«Այս պահին կան աշխատակիցներ, ովքեր ազատման դիմումներ են գրել, ես նրանց խնդրել եմ աշխատանքից ազատվել հունվարից հետո։ Նախատեսել ենք 13-րդ աշխատավարձ հատկացնել կոմունալ ծառայության աշխատակիցներին, նրանք ամբողջ տարին աշխատել են, հետևաբար ճիշտ չէր լինի հենց այս պահին ազատվեին աշխատանքից»,-նշեց Սարիկ Մինասյանը։

Ազատման դիմումներ են ներկայացրել աշխատակազմի քարտուղար Կարեն Բադալյանը և «Գյումրու կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկի տնօրեն Արտավազդ Ոսկանյանը։

Աշխատանքից պատրաստվում են հրաժարվել մի քանի բաժնի պետեր ևս։

Սարիկ Մինասյանը, ով նախկինում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր էր, լրագրողներին նաև տեղեկացրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունն իրեն միաձայն է ընդունել կուսակցության շարքերը, և իր կողմից բարոյական քայլ էր ՔՊ-ին անդամակցելը։

«Կարծում եմ, որ բարոյական է ՔՊ-ին անդամակցելը, որովհետև այդ կուսակցությունը, վարչության նախագահի գլխավորությամբ, ինձ հնարավորություն էր տվել որպես անկուսակցականի մասնակցել նախնական ընտրություններին։ Եվ քանի որ գյումրեցին ավելի շատ ինձ է վստահություն տվել, ես կարծում եմ, որ բարոյական ու մարդկային քայլս է այն թիմի կողմից տրված հնարավորությունը ոչ միայն օգտագործել, այլ նաև, համախմբելով բոլոր ուժերը, միասնաբար կարողանանք մեր քաղաքն այս ճգնաժամից հանել»,-նշեց Սարիկ Մինասյանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում