Մարզեր

Շիրակում համայնքապատկան շինություններում իրականացվել են վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության միջոցառումներ

5 րոպեի ընթերցում

Շիրակում համայնքապատկան շինություններում իրականացվել են վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության միջոցառումներ

ԳՅՈՒՄՐԻ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում համայնքապատկան 21 շինությունում իրականացվել են վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության աշխատանքներ: Գյումրիի Տեխնոլոգիական կենտրոնում դեկտեմբերի 18-ին տեղի ունեցավ Հայկական Կարիտասի «Վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության խթանումը ՀՀ Շիրակի մարզի համայնքներում» ծրագրի արդյունքների ներկայացման ամփոփիչ միջոցառումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «ԷԿՈսերվ» ծրագրի խորհրդատու Սիրանուշ Գալստյանը, «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանը, մարզային, ՏԻՄ, ինչպես նաև գործընկեր կառույցների ներկայացուցիչներ:

Ներկայացնելով աշխատանքները, ծրագրի ղեկավար Լիլիա Համբարձումյանը տեղեկացրեց, որ ծրագրի նպատակն էր նպաստել մարզում տնտեսական, սոցիալական և բնապահպանական իրավիճակի բարելավմանը: Շիրակի մարզում համայնքապատկան 21 շինությունում` մանկապարտեզներում, մշակույթի տներում իրականացվել են վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության փոքրածավալ միջոցառումներ:
Այս աշխատանքն իրականացվել է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)՝ որպես «ԷԿՈսերվ Հայաստան» ծրագրի մաս:

Ծրագիրը կյանքի է կոչվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների աջակցությամբ:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը կարևորեց հատկապես հյուսիսային չգազաֆիկացված համայնքներում նմանատիպ ծրագրերի իրականացումը: «Շիրակի մարզում 21 համայնքապատկան շինությունում իրականացվել են վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության փոքրածավալ միջոցառումներ: Դրանք մանկապարտեզներն են, մշակութային ու համայնքային կառույցները: Աշխատանքները շատ տեսանելի են, իսկ  արդյունքները՝ շոշափելի: Հատկապես կարևոր է համայնքային շենքերում գումարի տնտեսումը, որը հնարավորություն կտա տնտեսված գումարներն այլ ուղղությամբ ծախսել»,-նշեց Աշոտ Գիլոյանը:

«Ծրագիրը վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության խթանման ծրագիր է, որը, բացի Շիրակի մարզից, իրականացվել է նաև Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի համայնքներում՝ ներառելով համայնքային շինություններ և տնային տնտեսություններ: Շիրակի մարզում՝ համայնքային կառույցներում, քսանից ավելի շինություններում իրականացվել են էներգաարդյունավետության գործողություններ: Այստեղ կարևոր եմ համարում նաև էներգաարդյունավետության գործողությունների կարևորության ընկալումը: Լիահույս եմ, որ այդ գործողությունները երկար տարիներ ցույց են տալու իրենց արդյունքները»,- ներկայացնելով ծրագիրը՝ նշեց GIZ «ԷԿՈսերվ» ծրագրի խորհրդատու Սիրանուշ Գալստյանը։

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանը կարևորեց իրականացված ծրագիրը, որն ուղղված է կլիմայի պահպանությանը, կանաչ էներգիայի ապահովմանը, ինչպես նաև համայնքների ֆինանսական բեռը նվազեցնելուն, որը պակաս կարևոր չէ:
«Ծրագիրը համագործակցել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության հետ, որը հարստացրեց մեզ նոր գիտելիքով, հմտություններով: Հավատում եմ, որ սա դեռ առաջին քայլերն են դեպի վերականգնվող էներգիայի դարաշրջան, որին մենք աջակցում ենք՝ իրագործելով մեր առաքելությունը, որն է՝ սիրով և սրտացավությամբ նպաստել անձի համակողմանի զարգացմանը և համայնքների հզորացմանը՝ հարգելով յուրաքանչյուրի արժանապատվությունը»,-նշեց «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում