Հայաստան

Երևանում վերաբացվեց հիմնանորոգված ու ընդլայնված խմբասենյակներով ևս երկու մանկապարտեզ

3 րոպեի ընթերցում

Երևանում վերաբացվեց հիմնանորոգված ու ընդլայնված խմբասենյակներով ևս երկու մանկապարտեզ

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հիմնանորոգումից հետո պաշտոնապես վերաբացվեցին Երևանի հիմնանորոգված թիվ 135 և 161 մսուր-մանկապարտեզները։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մանկապարտեզների հիմնանորոգումն իրականացվել է Եվրոպական ներդրումային բանկի, ՄԱԿ-ի հետ համագործակցությամբ, ինչպես նաև Երևանի համայնքի բյուջեով:

Երկու շենքերում էլ, բացի արտաքին ու ներքին հարդարումից, իրականացվել են արտաքին պատերի ջերմամեկուսացման և հարդարման աշխատանքներ, տեղադրվել արևային ֆոտովոլտային կայաններ ու ջրատաքացուցիչներ։

  Վերաբացման արարողությանը ներկա գտնվեցին և հիմնանորոգումից հետո ստեղծված պայմաններին ծանոթացան Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։

 Մանկապարտեզներում շրջայցից հետո Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ մասնավորապես թիվ 135 մանկապարտեզն ամբողջապես նոր նախագծով է նորոգվել, նախատեսված՝ 6 խմբի համար, իսկ թիվ 161 մանկապարտեզն ամբողջապես վերանորոգվել է, 5-ի փոխարեն՝ ընդլայնվելով 10 խմբասենյակի։ 

«Այս աշխատանքները մեր կարևորն ծրագրերից են․Երևանում երեխաները պետք է այցելեն ժամանակակից ենթակառուցվածքներով մանկապարտեզներ, ունենան բակ խաղալու համար և զբոսնելու կանաչ տարածք։ Այդ պատճառով մենք մանկապարտեզներում զուգահեռ իրականացնում ենք բակային աշխատանքներ։ Բոլոր մանկապարտեզները, որոնք կառուցվում կամ վերանորոգվում են քաղաքապետարանի կողմից սեյսմակայուն են, էներգաարդյունավետ և որ ամենակարևորն է, բովանդակությունն է փոխվում ներսում»,-ասաց Ավինյանը։

Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը կարևորեց էներգաարդյունավետ վերանորոգման ծրագիրը, որը նպատակ ունի նպաստել կլիմայի փոփոխությունների նկատմամբ դիմակայության բարձրացմանը։

«Մենք աջակցում ենք 15 մանկապարտեզների շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանը։ Վերջերս նոր պայմանագիր ենք ստորագրել, որն այս ծրագրի շարունակությունն է, ուղղված՝ շատ այլ մանկապարտեզների և 6 պոլիկլինիկաների էներգաարդյունավետության  բարելավմանը»,-հայտնեց Մարագոսը։ 

Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին պատիվ համարեց Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունը շենքերի էներգաարդյունավետ արդիականացման ծրագրի շրջանակներում։

«Մենք աջակցում ենք Երևանի քաղաքապետարանին այս ծրագրերն ավելի էներգաարդյունավետ դարձնելու և դրանով էներգիայի ծախսերը նվազեցնելու համար, դրանով հանդերձ՝ նաև բարելավվելու ինչպես Երևանի, Հայաստանի, այնպես էլ աշխարհի կլիման»,-ասաց Նացվլիշվիլին։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում