Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել է ոչ ավանդական տեխնոլոգիաներով դպրոց և մանկապարտեզ կառուցելու պիլոտային ծրագիրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են ոչ ավանդական տեխնոլոգիաներով շենքերի, շինությունների նախագծում, արտադրություն և շինարարություն իրականացնող տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քաղաքաշինության կոմիտեի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են նոր եղանակով դպրոցի և մանկապարտեզի կառուցման պիլոտային ծրագիր իրականացնելու գաղափարն ու հայաստանյան ընկերությունների ներգրավման հնարավորությունը։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը կարևորել է շինարարական ծրագրերում նոր մոտեցումների կիրառումը և առաջատար երկրներում ընդունված ոլորտային նորամուծությունները Հայաստանում կիրառող ընկերությունների ներուժի օգտագործումը պետական ծրագրերում։ 

«Մեզ համար առաջնահերթ են լինելու որակն ու կառուցման արագությունը, ինչպես նաև գնի համադրությունը։ Կընտրվի ներկայացված այն առաջարկը, որը լավագույնս կհամապատասխանի այս չափանիշներին»,- նշել է Եղիազար Վարդանյանը։ 

Նա ընդգծել է, որ փորձնական ծրագիրը թույլ կտա և՛ ոլորտի պատասխանատուներին, և՛ լայն հանրությանը գործնականում պարզել՝ որքանով են արդի տեխնոլոգիաներն արդյունավետ՝ հետագայում կառավարության 300 դպրոց, 500 մանկապարտեզի և այլ օբյեկտների կառուցման ծրագրերի շրջանակում կիրառելու համար։

Հանդիպմանը որոշվել է ընկերություններին փոխանցել պահանջվող չափանիշները, ելակետային տվյալները, որոնց հիման վրա յուրաքանչյուրը կներկայացնի նախագծային նախնական լուծումներ և գնառաջարկ։

Քննարկվել է նաև մի քանի տեխնոլոգիաների՝ մոդուլային կառուցվածքների և պողպատե բարակապատ տրամատների համադրությամբ առավել արդյունավետ տարբերակներ մշակելու գաղափարը։ Ընկերությունների ներկայացուցիչները վստահեցրել են, որ այս նախաձեռնության բարեհաջող իրագործումը միանշանակ կրթական հաստատությունների կառուցման ծրագրերում կբերի նոր որակ և արագություն։

Հայերեն

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին