Տնտեսություն

Բիթքոինի գինը նոր ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով 106 000 դոլարը

2 րոպեի ընթերցում

Բիթքոինի գինը նոր ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով 106 000 դոլարը

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բիթքոինի գինը դեկտեմբերի 16-ին հասել է 106 533 դոլարի ռեկորդային մակարդակի այն բանից հետո, երբ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկեց ստեղծել ԱՄՆ բիթքոինի ռազմավարական պաշար, որը նման կլինի նավթի ռազմավարական պաշարներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ըստ վերլուծաբանների՝ բիթքոինի գինը շուտով կհասնի 110 000 դոլարի:

Բիթքոինը և կրիպտոարժույթները հայտնվել են ուշադրության կենտրոնում, քանի որ ներդրողներն ակնկալում են, որ Դոնալդ Թրամփի ապագա վարչակազմը կստեղծի ավելի բարենպաստ կարգավորող միջավայր: Այս տարվա կտրվածքով բիթքոինի գինն ավելացել է 192%-ով:

«Մենք ինչ-որ հիանալի բան կանենք կրիպտոարժույթի հետ, քանի որ մենք չենք ուզում, որ դա անեն Չինաստանը կամ որևէ մեկը. ոչ միայն Չինաստանը, այլև մյուսները հակված են դրան: Մենք ցանկանում ենք լինել առջևում», - ասել է Թրամփը CNBC-ին անցած շաբաթվա վերջին:

Հարցին, թե արդյոք նա նախատեսում է նավթային պաշարների նման կրիպտո պաշարներ ստեղծել, Թրամփը պատասխանել է. «Այո, ես այդպես եմ կարծում»:

Համաձայն տվյալների մատակարար CoinGecko-ի՝ հուլիս ամսվա դրությամբ ամբողջ աշխարհի կառավարությունները տիրապետում էին բիթքոինի ընդհանուր պաշարների 2,2%-ին, ընդ որում, Միացյալ Նահանգներն ունի մոտ 200 000 բիթքոին, որոնց արժեքը ներկա մակարդակով կազմում է ավելի քան 20 միլիարդ դոլար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում