ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության արտահերթ նիստում որոշվել է պատգամավոր Հակոբ Ասլանյանին հեռացնել խմբակցության կազմից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան հայտարարությամբ այդ մասին տեղեկացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը միաձայն որոշում է կայացրել հեռացնել Հակոբ Ասլանյանին խմբակցության կազմից` լրջագույն կարգապահական խախտման, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որդեգրած արժեքների և քաղաքական ուղեգծի հետ խիստ անհամատեղելի վարքի պատճառով»,- նշված է հայտարարությունում։
Դեկտեմբերի 11-ին Հակոբ Ասլանյանը հայտարարել էր, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում չի մասնակցելու խմբակցության նիստերին և սառեցնում է համագործակցությունը խմբակցության հետ։ Հակոբ Ասլանյանը հայտնել էր, որ այդ մեկ ամսվա ընթացքում ակնկալում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու Հովիկ Աղազարյանը կճշտեն իրենց հարաբերությունները։ Ասլանյանը նշել էր, որ արդար չի համարում կուսակցությունից Հովիկ Աղազարյանին հեռացնելը։
Հայտարարությունից ժամեր անց պատգամավորն իր սոցցանցային էջում հրապարակել է նախարար Մխիթար Հայրապետյանի հետ նամակագրություն (screenshot), որտեղ երևում է, որ նախարարը պատգամավորին տեքստ է փոխանցել։ Ասլանյանը րոպեներ անց ջնջել է նամակագրության նկարը և հրապարակել միայն տեքստը։ Այդ հաղորդագրությանն արձագանքել էր ԲՏԱ նախարարության մամուլի ծառայությունը։