ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» խորագրով միջազգային ցուցադրությունը Հայաստանում է. ցուցադրության շրջանակում առաջին անգամ Հայաստան են տեղափոխվել և Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն ֆրանսիացի անվանի հնագետ Ժակ դը Մորգանի (1857-1924 թթ․) կողմից Ախթալայում 19-րդ դարի 80-ական թվականներին պեղված բրոնզեդարյան և երկաթեդարյան 5 ցուցանմուշներ, որոնք պահվում են Ֆրանսիայի Ազգային հնագիտության թանգարանում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսը հանրության համար բաց կլինի դեկտեմբերի 12-ից:
Նախագիծը կյանքի է կոչվել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ, Հայաստանի պատմության թանգարանի ու Ֆրանսիայի ազգային հնագիտության թանգարանի (Սեն Ժերմեն ան Լեյի ամրոց) փոխգործակցության արդյունքում:
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, կարևորելով նման համագործակցությունը, նշեց, որ երեք ամսով փոխառված նմուշները կհամադրվեն Հայաստանի պատմության թանգարանում ու ՀՀ այլ թանգարաններում պահվող և հայ-ֆրանսիական համատեղ արշավախմբերի կողմից տարբեր հնավայրերում հայտնաբերված ավելի քան վեց տասնյակ ուշագրավ հնագիտական ցուցանմուշների հետ, որոնց մի մասն առաջին անգամ են ընդհանրապես ցուցադրվում։
Նա ընդգծեց՝ համաշխարհային ճանաչում ստացած հնագետ Ժակ դը Մորգանը կանգնած է տարածաշրջանի հնագիտական հետազոտությունների ակունքներում, աշխատել է որպես Ալավերդու պղնձահանքի լեռնային ինժեներ։
«1880-ական թվականներին Ժակ դը Մորգանը հնագիտական հետազոտություններ է իրականացրել Ախթալայում, Դեբեդ գետի ավազանի մի շարք դամբարանադաշտերում, Ալավերդիում և Լալվարի ստորոտներին տեղորոշվող հուշարձաններում։ Ընդհանուր առմամբ տարածաշրջանում Ժակ դը Մորգանը պեղել է ավելի քան 1000 դամբարան՝ որոնք ժամանակագրորեն ընդգրկում են Ք․ա․ 15-րդ դարից մինչև Ք․ա․ 2-1-ին դարերը։ 1990-ական թվականներից սկսած՝ հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբերի իրականացված պեղումների, հայ-ֆրանսիական մասնագիտական համագործակցության արդյունքում ցուցահանդեսում հնարավոր կլինի տեսնել հնագիտական ցուցանմուշների մի ուշագրավ ընտրանի, որը յուրատեսակ տուրք է Ժակ դը Մորգանի հնագիտական և հայագիտական գործունեությանը և դրա շարունակման նոր շրջափուլ»,- ասաց Պողոսյանը:
ՀՀ ԿԳՄՍ մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանն էլ, ողջունելով նման հեռանկարային համագործակցության մեկնարկն, ընդգծեց, որ 2024 թվականը թանգարանային ոլորտի համար իսկապես կարելի է համարել ինստիտուցիոնալ բարեփոխումների համակարգային ձեռքբերումների տարի:
«Տարեսկզբին ընդունվեց թանգարանների մայր օրենքը, նաև թանգարաններում տեղադրվեց էլեկտրոնային տոմսային համակարգը: Ինչպես նաև տարին հարուստ էր միջազգային համագործակցության ձեռքբերումների տեսակետից: «Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» ցուցադրությունը այս տարի մեր երկրորդ խոշոր նախաձեռնությունն ու միջազգային համագործակցության կայացումն է, այս անգամ արդեն մեր ֆրանսիացի գործընկերների հետ»,-ասաց Մարաբյանը:
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության Մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական, տնօրեն Քսավիե Ռիշարի խոսքով՝ այս նախագծին կարելի է նայել մշակութային ժառանգության պահպանության ոլորտում համագործակցության համատեքստում:
«Սա մի նախագիծ է, որը վերջին երեք տարիների ընթացքում մենք ակտիվորեն վարում ենք, որի նպատակը Հայաստանում աշխատող մշակութային ժառանգության պահպանողների երկարաժամկետ դասընթացներ առաջարկելն է, ինչպես նաև ճգնաժամային պայմաններում մշակութային ժառանգության պահպանման ոլորտում ակտիվ համագործակցությունը և այլն: Ցավոք, Արևմուտքի երկրներից Ֆրանսիան առաջինը չէր, որ իր ցուցանմուշները բերեց Հայաստան ցուցադրության, անգլիացիներն առաջինն էին, որ դա արեցին, բայց մենք շատ ուրախ ենք, որ այս համագործակցությունը կայացավ, քանի որ Ժակ դը Մորգանի ամբողջ աշխատանքը հենց հայ-ֆրանսիական հարաբերությունների և ջերմ բարեկամական համագործակցության ապացույցն է»,- նշեց Քսավիե Ռիշարը:
Ֆրանսիայի ազգային հնագիտության թանգարանի տնօրեն Ռոզ-Մարի Մուսսոն էլ ընդգծեց, որ այս ցուցադրությունը տրամաբանական շարունակությունն էր այն բոլոր հանդիպումների, որոնք եղել են Սեն Ժերմենում:
«Ոչինչ պատահականություն չէ, և այս համագործակցությունը հիմք կլինի տարբեր այլ համագործակցությունների, փոխանակումների և հետազոտությունների իրականցման համար»,- ասաց Ռոզ-Մարի Մուսսոն:
Ցուցադրությունը գործելու է մինչև 2025 թվականի մարտի 11-ը։
Ցուցահանդեսի կազմակերպմանը աջակցում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանատունը։ Ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի պատմության թանգարանը համագործակցում է Ֆրանսիայի ազգային հնագիտության թանգարանի /Սեն Ժերմեն ան Լեյի ամրոց/, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության Ֆրանսիական ինստիտուտի, Ֆրանսիայի ժառանգության ինստիտուտի, «Էրեբունի» պատմահնագիտական ամրոց-թանգարանի, Շիրակի երկրագիտական թանգարանի, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի, ինչպես նաև այլ կառույցների և մասնագետների հետ։