ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելառուսում արդեն մի քանի տասնյակ միջուկային մարտագլխիկներ կան, հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ԲԵԼՏԱ» գործակալությունը։
«Ես ներմուծել եմ միջուկային մարտագլխիկներ։ Ոչ մեկ տասնյակ», - ասել է Լուկաշենկոն։
Բելառուսի ղեկավարն ասել է, որ իր հակառակորդներին նախազգուշացրել է երկրի սահմանները խախտելու դեպքում անհապաղ արձագանքելու մասին։
«Եթե միջուկային զենք կիրառվի, դա մեծ պատասխանատվություն է։ Համենայն դեպս, Հիրոսիմայից, Նագասակիից հետո դեռևս ոչ ոք չի սեղմել միջուկային զենքի կոճակը։ Հզորագույն պետությունները, էլ չեմ խոսում Բելառուսի մասին։ Բայց ես զգուշացրել եմ իմ բոլոր թշնամիներին, «բարեկամներին» և մրցակիցներին՝ հենց որ ոտք դնեք պետական սահմանի վրա, արձագանքը կլինի ակնթարթային։ Ես չեմ նայի՝ միջուկային զենք է թե այլ բան», - ասել է Բելառուսի նախագահը։
Մոսկվան և Մինսկը 2023 թվականին համաձայնության են եկել Բելառուսում ռուսական մարտավարական միջուկային զենքի տեղակայման շուրջ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ դրա նկատմամբ վերահսկողությունը մնում է Ռուսաստանին։
Բելառուսում տեղակայված են «Իսկանդեր» հրթիռային համալիրներ։ Ալեքսանդր Լուկաշենկոն ավելի վաղ հայտարարել էր, որ դրանք զինված են միջուկային մարտագլխիկներով հրթիռներով։