Մշակույթ

Շարամբեյանի անվան թանգարանում բացվել է Հնդկաստանի բնիկ ցեղախմբերի յուրօրինակ արվեստի գործերի ցուցադրություն

2 րոպեի ընթերցում

Շարամբեյանի անվան թանգարանում բացվել է Հնդկաստանի բնիկ ցեղախմբերի յուրօրինակ արվեստի գործերի ցուցադրություն

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Հնդկաստանի դեսպանության «Մեկ շրջան, մեկ արտադրանք» նախաձեռնության շրջանակում Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում բացվել է «Ցեղային արվեստ» ցուցադրություն-վաճառքը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից «Արմենպրես»-ին հայտնում են, որ բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան:

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի խոսքով՝ Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցությունը մշակույթի ոլորտում կայուն զարգացում է ապրում: Այս համատեքստում Ալֆրեդ Քոչարյանն անդրադարձել է Սարգիս Խաչատուրյանի Աջանտայի քարանձավներում արած կրկնօրինակների տպագրությունների ցուցադրությանը և Հայաստանի ազգային պատկերասրահի հետ առաջիկա ցուցադրության ծրագրին:

Քոչարյանը շեշտել է՝ հայ-հնդկական մշակութային համագործակցությունն այսօր ընդգրկում է նաև յոգան՝ որպես հոգևոր և ֆիզիկական ներդաշնակության հասնելու արվեստ: «Յոգան համամարդկային արժեք է, որը նպաստում է ոչ միայն անհատական զարգացմանը, այլև մարդկանց միջև հոգևոր կապերի ամրապնդմանը։ Դրա վկայությունն են Հայաստանում շարունակաբար ստեղծվող յոգայի կենտրոնները և Յոգայի միջազգային օրվան նվիրված միջոցառումների կազմակերպումը»,-նշել է փոխնախարարը:

Ալֆրեդ Քոչարյանը կարևորել է համատեղ մշակութային ծրագրերի իրականացման շարունակականությունը, ինչը հնարավորություն կտա ոչ միայն պահպանել, այլև համատեղ ջանքերով նոր հարթակներ ստեղծել մշակութային երկխոսության և փոխհարստացման համար։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում