Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարներին
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Մալթայում հանդիպում է ունեցել Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ։ Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, շարունակելով ակտիվ քաղաքական երկխոսությունը՝ զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Ավստրիայի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը միտված աշխատանքներին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարներին։
Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵՄ անդամ երկրների կողմից շարունակական աջակցության կարևորությունն այնպիսի հարցերում, ինչպիսիք են վիզաների ազատականացման երկխոսությունը, ժողովրդավարական բարեփոխումները՝ միաժամանակ տեղեկացնելով ՀՀ հասարակության շրջանում ԵՄ-ի հետ հետագա փոխգործակցության վերաբերյալ քննարկումների մասին։
Արարատ Միրզոյանը և Ալեքսանդր Շալենբերգը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման պայմանագրի՝ սեղմ ժամկետում ստորագրման կարևորության վերաբերյալ։