Մարզեր

Տեղի ունեցավ Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու նավակատիքը

3 րոպեի ընթերցում

Տեղի ունեցավ Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու նավակատիքը

ԳՅՈՒՄՐԻ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ դեկտեմբերի 5-ին՝ երեկոյան, տեղի ունեցավ Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու նավակատիքը՝ նորաշեն տաճարի՝ եկեղեցու նվիրագործության հանդեսը:

Դռնբացքից հետո Հայ Առաքելական Եկեղեցու եպիսկոպոսաց դասը՝ թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ, կատարեց նորաշեն եկեղեցու սյուների ու Մկրտության ավազանի օծման արարողությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո խոնարհված եկեղեցու նավակատիքը այստեղ էր բերել հարյուրավոր հավատացյալների ոչ միայն Շիրակի մարզից, այլ նաև մյուս մարզերից: Արարողությանը ներկա էր նաև Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ում մեկենասությամբ 2002թ. սկսվեցին եկեղեցու հիմնանորոգման աշխատանքները:

«Մենք այն սերունդն ենք, որ տեսել ենք Ամենափրկիչ տաճարը կանգուն՝ երկրաշարժից առաջ: Մտել ենք այստեղ սրտի դողով, որպես ֆիլհարմոնիայի դահլիճ՝ աղոթելով և ցանկանալով, որպեսզի այս տաճարը վերաբացվի, բայց երկրաշարժը այն խոնարհեց: Եվ երկրաշարժի առաջին օրը, երբ ես հասա Գյումրի և տեսա Ամենափրկիչը խոնարհված, սրտիցս մի հարց բարձրացավ՝ արդյո՞ք իմ կյանքի ընթացքում կտեսնեմ Ամենափրկիչը վերակառուցված: Եվ Աստված բարեհաճեց, և փա՛ռք Տիրոջն իր տվածի համար: Եվ այժմ եկեղեցին պայծառ է և ավելի շքեղ, քան երկրաշարժից առաջ էր, բացում է իր դռները հավատացյալ ժողովրդի առջև իբրև աղոթքի տուն, և այստեղ աղոթքը չպետք է լռի։ Այստեղ պետք է աղոթք հնչի՝ ասելու համար՝ Գյումրի՛ քաղաք, աչքդ լույս, քաղաքն այլևս վերածնված է, և այս եկեղեցին մնում է աղոթող հուշարձան մեր բազմահազար զոհերի համար»,-առաջնորդական խոսքում նշեց Գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ շնորհակալություն հայտնելով նաև Ղուկասյան ընտանիքին՝ եկեղեցին վերականգնելու համար:

Դեկտեմբերի 7-ին, Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի կունենա Շիրակի թեմի Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը: Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հավատացյալների երկրպագության համար Գյումրի կտարվի Փրկչի Խաչափայտի մասունքը։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում