Աշխարհ

Մակրոնը շտապ նոր վարչապետ է փնտրում՝ խորհրդարանի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելուց հետո

2 րոպեի ընթերցում

Մակրոնը շտապ նոր վարչապետ է փնտրում՝ խորհրդարանի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելուց հետո

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպումներ է անցկացրել համախոհների և բարձրաստիճան քաղաքական գործիչների հետ՝ փորձելով արագ նոր վարչապետ նշանակել խորհրդարանում վարչապետ Միշել Բառնիեի կառավարությանն անվստահություն հայտնելուց հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

Նշվում է, որ ըստ ֆրանսիական լրատվամիջոցների՝ Ֆրանսուա Բայրուն, որի անունը հաճախ են նշում ֆրանսիական լրատվամիջոցները՝ որպես Բառնիեի հավանական իրավահաջորդ, պետք է ճաշեր Մակրոնի հետ։ Բայրուն կենտրոնամետ քաղաքական գործիչ է և Մակրոնի մտերիմ համախոհներից է։

Լրատվամիջոցները շրջանառում են նաև պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկոռնյուի անունը, սակայն նրա և Մակրոնի հանդիպման մասին որևէ լուր չի եղել։

Reuters-ի երեք աղբյուրները հայտնել են, որ Մակրոնը մտադիր է վարչապետին փոխարինող գտնել շատ արագ, նախքան դեկտեմբերի 7-ին Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացումը, որին ներկա է գտնվելու նաև ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը։

Դեկտեմբերի 5-ի երեկոյան Մակրոնը հեռուստաուղերձով պետք է դիմի ֆրանսիացիներին, բացի այդ, ըստ ֆրանսիական ԶԼՄ-ների, հանդիպելու է Սենատի ղեկավարի հետ։

Միշել Բառնիեն վարչապետի պաշտոնը ստանձնել էր երեք ամիս առաջ։ Ֆրանսիայի Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի երեկոյան անվստահության քվե էր հայտնել վարչապետին և կառավարության անդամներին։ Ազգային ժողովում նման քվեարկության առիթ էր դարձել այն, որ վարչապետ Միշել Բառնիեն խորհրդարանում անցկացրել էր 2025 թ. սոցիալական ապահովագրության մասին բյուջեն՝ կիրառելով Սահմանադրության հոդվածներից մեկը և շրջանցելով պատգամավորների քվեարկությունը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում