ԳԱՎԱՌ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն ընդունել է Երևանում վերջերս կայացած Բանակայինների աշխարհի 37-րդ առաջնությունում 55 կգ քաշային կարգում արծաթե մեդալ նվաճած վարդենիսցի Տիգրան Մինասյանին և Վարդենիսի Ռ. Եսայանի անվան մարզադպրոցի փոխտնօրեն Արսեն Մաթևոսյանին։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, նվաճած հաղթանակի կապակցությամբ համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Բանակայինների աշխարհի առաջնությունում գրանցած բարձր արդյունքի համար,մաղթել նորանոր հաջողություններ, առողջություն և ուժ՝ հաղթական ճանապարհը շարունակելու և Հայաստանի Հանրապետության ու Վարդենիս համայնքի պատիվը բարձր պահելու համար:
Համայնքի ղեկավարը շնորհակալագիր է հանձնել Տիգրան Մինասյանին և արժանացրել դրամական պարգևի։
Տիգրան Մինասյանը նաև հունահռոմեկան ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն է։