ԳԱՎԱՌ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Տ․ Աբրահամյանի անվան ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները «Հայոց պատմություն» առարկայի շրջանակում գիտաճանաչողական այց են կատարել Ծովինար գյուղի տարածքում գտնվող և Վանի թագավորության ժամանակաշրջանում հիմնադրված Օձաբերդ կամ Թեյշեբա ամրոց-արգելավայր, որը գտնվում է Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) պաշտպանության ներքո։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունու ավագ դպրոցի տնօրեն Վարդան Ավետիսյանը, դպրոցականները տեղում ծանոթացել են Ուրարտուի արքա Ռուսա 1-ի կողմից ամրոցի հյուսիսային կողմի ժայռին թողած արձանագրությանը և տարածքում տարբեր տարիներին ու տարբեր հնագետների կողմից կատարված պեղումների արդյունքներին։
«Դաս-էքսկուրսիայի արդյունքում աշակերտները կարողացան տեղում ծանոթանալ Հայկական լեռնաշխարհում, մասնավորապես Սևանա լճի ավազանում, Ք․Ա․ 8-րդ դարում հիմնված և երկար դարեր գործած բերդ ամրոցի ու բնակատեղիի հարուստ պատմությանը, Ռուսա 1-ի թողած սեպագիր արձանագրության բովանդակությանը, հուշարձանի կառուցվածքին։ Աշակերտները տեղեկացան նաև, որ ուրարտական ամրոց համարվող Օձաբերդը Սևանա լճի հարավային ափին հանդիսացել է այդ պետության կարևոր հենակետը՝ իր տիրապետության տակ պահելով շրջակա տեղաբնիկ ցեղերին, վերահսկելով դեպի Արցախ և Ուտիք, ինչպես նաև Ուելիքուխի երկիր տանող ճանապարհները։ Նրանք ծանոթացան նաև հնագիտական պեղումների արդյունքում բացված այն կառույցներին, որոնք կատարվել են ուրարտական նվաճումներից հետո, արդեն Երվանդունիերի հայկական թագավորության ժամանակներում։
Նման դաս-էքսկուրսիաները մեր աշակերտները հաճախակի կանցկացնեն համայնքի ու մարզի պատմաճարտարապետական այլ հուշարձաններում, որոնցով անչափ հարուստ է Սևանա լճի ողջ ավազանը։ Կարծում ենք, որ տեղում նման բաց դասերի կազմակերպումն ու ուսուցումը կլինի ավելի արդյունավետ, ավելի գործնական՝ նպաստելով հայրենաճանաչողությանը, պատմահնագիտական գիտելիքների ամրապնդմանը»,-ներկայացրեց Մարտունու ավագ դպրոցի տնօրենը։