Մարզեր

Մարտունու ավագ դպրոցի աշակերտները ճանաչողական այց են կատարել Օձաբերդ ամրոց-արգելավայր

2 րոպեի ընթերցում

Մարտունու ավագ դպրոցի աշակերտները ճանաչողական այց են կատարել Օձաբերդ ամրոց-արգելավայր

ԳԱՎԱՌ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Տ․ Աբրահամյանի անվան ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները «Հայոց պատմություն» առարկայի շրջանակում գիտաճանաչողական այց են կատարել Ծովինար գյուղի տարածքում գտնվող և Վանի թագավորության ժամանակաշրջանում հիմնադրված Օձաբերդ կամ Թեյշեբա ամրոց-արգելավայր, որը գտնվում է Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) պաշտպանության ներքո։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունու ավագ դպրոցի տնօրեն Վարդան Ավետիսյանը, դպրոցականները տեղում ծանոթացել են Ուրարտուի արքա Ռուսա 1-ի կողմից ամրոցի հյուսիսային կողմի ժայռին թողած արձանագրությանը և տարածքում տարբեր տարիներին ու տարբեր հնագետների կողմից կատարված պեղումների արդյունքներին։

«Դաս-էքսկուրսիայի արդյունքում աշակերտները կարողացան տեղում ծանոթանալ Հայկական լեռնաշխարհում, մասնավորապես Սևանա լճի ավազանում, Ք․Ա․ 8-րդ դարում հիմնված և երկար դարեր գործած բերդ ամրոցի ու բնակատեղիի հարուստ պատմությանը, Ռուսա 1-ի թողած սեպագիր արձանագրության բովանդակությանը, հուշարձանի կառուցվածքին։ Աշակերտները տեղեկացան նաև, որ ուրարտական ամրոց համարվող Օձաբերդը Սևանա լճի հարավային ափին հանդիսացել է այդ պետության կարևոր հենակետը՝ իր տիրապետության տակ  պահելով շրջակա տեղաբնիկ ցեղերին, վերահսկելով դեպի Արցախ և Ուտիք, ինչպես նաև Ուելիքուխի երկիր տանող ճանապարհները։ Նրանք ծանոթացան  նաև հնագիտական պեղումների արդյունքում բացված այն կառույցներին, որոնք կատարվել են ուրարտական նվաճումներից հետո, արդեն Երվանդունիերի հայկական թագավորության ժամանակներում։ 

Նման դաս-էքսկուրսիաները մեր աշակերտները հաճախակի կանցկացնեն համայնքի ու մարզի պատմաճարտարապետական այլ հուշարձաններում, որոնցով անչափ հարուստ է Սևանա լճի ողջ ավազանը։ Կարծում ենք, որ տեղում նման բաց դասերի կազմակերպումն ու ուսուցումը կլինի ավելի արդյունավետ, ավելի գործնական՝ նպաստելով հայրենաճանաչողությանը, պատմահնագիտական  գիտելիքների ամրապնդմանը»,-ներկայացրեց Մարտունու ավագ դպրոցի տնօրենը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում