ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իտալական երաժշտությունը ֆիլմերում» (Note Italiane In Cinema) խորագրով երեկոյին Հայաստանի պետական կամերային նվագախումբը կկատարի Էննիո Մորիկոնեի, Նինո Ռոտայի, Ջակոմո Պուչինիի, Ռենատո Կարոսոնեի, Տոմազո Ալբինոնիի և այլ ականավոր կոմպոզիտորների գործեր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգային երեկոն տեղի կունենա դեկտեմբերի 11-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Կհնչեն սաունդթրեքներ այնպիսի հայտնի ֆիլմերից, ինչպիսիք են՝ «Կնքահայրը», «Ռոմեո և Ջուլիետ», «Սարդ-մարդը», «Ուոլ Սթրիթի գայլը», «Տաղանդավոր պարոն Ռիփլին», «Մի անգամ Ամերիկայում» և այլն։
Համերգին կմասնակցեն Հայաստանի պետական կամերային նվագախմբի ընդլայնված կազմը, Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար Քրիստինա Ոսկանյան)։
Մենակատարներ՝ Տիգրան Մելքոնյան (տենոր), Ալբերտ Նավասարդյան (սաքսոֆոն), Աստղիկ Վարդանյան (ջութակ), Վահագն Վարդանյան (մելոդիկա, օկարինա, բլոկ ֆլեյտա, էլեկտրո դաշնամուր), Վարդան Գաբոյան (էլեկտրո կիթառ): Դիրիժոր՝ Վալտեր Սիվիլոտտի (Իտալիա):
Համերգը կներկայացնեն Հայաստանի պետական կամերային նվագախումբը և ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպանությունը։