Դեկտեմբերի 7-ին կվերաօծվի Գյումրիի Ամենափրկիչ եկեղեցին

7 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ,  3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ դեկտեմբերի 7-ին կվերաօծվի Գյումրիի Ամենափրկիչ եկեղեցին: Այդ օրերին թեմը կհյուրընկալի բազմաթիվ ուխտավորների, որոնք ներկա կգտնվեն սրբազան տաճարի օծման պատմական իրադարձությանը: Դեկտեմբերի 5-ին կկատարվի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու նավակատիքը՝ նորոգության առթիվ կատարվող եկեղեցական արարողություն:

«Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 18:00-ին, նախատեսված է եպիսկոպոսների ներկայությունը եկեղեցում՝ սյունները օծելու, իսկ դեկտեմբերի 7-ին Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կօծվի սուրբ սեղանն ու կմատուցվի Սուրբ պատարագ»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց եկեղեցու հոգևոր պատասխանատու Տեր Ավետիք աբեղա Սողոմոնյանը՝ կարևորելով Սբ. Ամենափրկիչ եկեղեցու դերը հավատացյալների ու հատկապես գյումրեցիների համար: «Ճիշտ է, Գյումրիում մի քանի գործող եկեղեցի կա, բայց Սբ. Ամենափրկիչն իր ուրույն տեղն ու դերն ունի գյումրեցիների համար։ Եկեղեցին ասես դեպի իրեն գրավող փարոս լինի: Դրա մասին է խոսում նաև այն, որ արդեն երկու տարի է՝ չնայած ոչ պաշտոնական բացմանը, հավատացյալների հոսքը եկեղեցի չի դադարում»,-հավելեց Տեր Ավետիք աբեղան:

Մինչ եկեղեցու վերաօծումն արդեն ավարտուն տեսքի են բերվել նաև եկեղեցու պատերի որմնանկարները: Աշխատանքներն իրականացվել են Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ: Ավելի քան 38 մետր բարձրության վրա, անմիջապես գմբեթի տակ, որմնանկարը պատկերում է Հիսուս Քրիստոսին՝ բազմած չորս կենդանակերպերի վրա, իսկ ներքևում հրեշտակներ ու հրեշտակապետեր և չորս քերովբեներն են: Բացի այդ, թմբուկի տակ՝ անկյուններում 4 ավետարանիչներն են պատկերված:

Անմիջապես գմբեթի տակ «Սբ. Ամենափրկիչ» որմնանկարն առանձնանում է ոչ միայն հայկական մանրանկարչությանը բնորոշ պատկերներով ու գունային լուծումներով, այլև նախշերով, իսկ մի քիչ ավելի ներքև՝ 20 մետր բարձրության վրա՝ 4 սյուներին, ավետարանիչներն են՝ Մատթեոս, Մարկոս, Ղուկաս, Հովհաննես՝ ընդունված համապատասխանաբար չորս սիմվոլիկայով: 

Գմբեթի և սյուների որմնանկարները կապելու ու իրար լրացնելու համար դրանց միջև որմնանկարիչ վարպետը պատկերել է գոտի՝ կրկին հայկական մանրանկարների ու 4 հրեշտակի պատկերով, արանքում՝ ժապավենազարդ, իսկ պատուհանների միջև՝ լուսանցազարդեր:

Եկեղեցու ներքին հարդարման աշխատանքներից հետո Սուրբ գրքի պատկերներով ու միջնադարյան մանրանկարչության ոճով նկարազարդվել են նաև եկեղեցու պատերը:
Հեղինակը՝ որմնանկարիչ, մանրանկարիչ Լևոն Զաքյանը, ով նաև զբաղվում է մանրանկարչությամբ, որմնանկարի մեջ ներառել է հայկական մանրանկարչության տարրեր:

Որմնանկարիչը հիմնական շեշտը դրել է կարմիր, կապույտ գույների, ոսկեգույնի ու շատ քիչ նաև կանաչ գույնի երանգների վրա՝ հայկական մանրանկարչությանը համահունչ: Աշխատանքը բավական բարդ է, բայց ինչպես վստահեցրեց որմնանկարի հեղինակը՝ այս եկեղեցին մեծ ուժ ու էներգետիկա ունի, ինչն էլ ավելի է հեշտացնում աշխատանքը:

«Պատերին տերունական թեմաներն են՝ Ավետում, Ծնունդ, Տյարն Ընդ Առաջ և Մուտք Երուսաղեմ: Ներքևում հայկական ու ընդհանրական սրբերի պատմություններ: Այս աշխատանքը մոտ մեկ տարի տևեց՝ գմբեթից հետո որոշ ժամանակ դադար էր, հետո, հաշվի առնելով տարածքի մեծությունը, պատերը դատարկ էին թվում, ինձ կրկին հրավիրեցին նոր որմնանակարներ անելու»,-ներկայացնելով որմնանկարներն, ասում է Լևոն Զաքյանը, անկեղծանալով՝ այս ողջ ընթացքում ամենաբարդը գմբեթի տակ արված աշխատանքն է՝ հաշվարկներ էին պետք, որպեսզի ներքևից նայելիս պատկերը ճիշտ դիրքում լիներ:

«Առանց պատերի որմնանկարների տարածքը դատարկ էր, բայց արել եմ այնպես, որ շատ չճնշի՝ չնայած ներկայացված թեմաների բազմազանությանը»,-նշեց Լևոն Զաքյանը: Տարբեր եկեղեցիների որմնանկարներ արած որմնանկարիչն առանձնացնում է Սբ. Ամենափրկիչը: «Շատ զորավոր եկեղեցի է, ու ամենայն պատասխանատվության զգացողություն է եղել աշխատանքի հանդեպ: Ինչ գիտեի, տվել եմ այս եկեղեցու որմնանկարներին»:

Խոսելով որմնանկարների մասին, Լևոնն առանձնացնում է Քրիստոսի դիմանկարը, որն արել է Անիի տաճարի գծագրով, իսկ մուտքի որմնանկարի մի հատվածի համար որպես օրինակ ծառայել է Ախթամարի եկեղեցու ճակատային հատվածը:
Անդրադառնալով տարիների ընթացքում որմնանկարները մոմերից սևանալու փաստին, որմնանկարիչը հավաստում է՝ լաքապատված են ու հանգիստ կարելի է մաքրել:

Գյումրիի խորհրդանիշներից մեկը համարվող՝ 1860-ականներին կառուցված, ավելի քան 36 մետր բարձրություն (առանց գմբեթի) ունեցող եկեղեցին, որի ճարտարապետը եղել է Թադևոս Անտիկյանը, Խորհրդային տարիներին ծառայել է որպես ֆիլհարմոնիայի դահլիճ: Եկեղեցին կառուցվել է Անիի Մայր տաճարի օրինակով, և ասում են, որ վարպետն ամեն անգամ քարը դնելիս ֆայտոնով գնացել է Անի և հետ է եկել ու շարունակել շինարարությունը: Այսպես կառուցվել է եկեղեցին՝ քար առ քար: Որոշ աղբյուրների պնդմամբ՝ եկեղեցու շինարարության համար ծախսվել է 60 հազար ռուսական ոսկի, եղել են նաև հանգանակություններ, իսկ գյումրեցիներն աշխատել են անվարձահատույց: Եկեղեցու խաչը սկզբում եղել է փայտից: 

1988 թվականին եկեղեցին մասամբ ավերվել էր: Եկեղեցու վերականգնման աշխատանքները մեկնարկեցին նախ հանգանակություններով, ապա ստեղծված «Ամենափրկիչ» հիմնադրամի կողմից՝ բարերաների միջոցներով՝ 1998 թվականին: Եկեղեցու վերականգնման աշխատանքներն իրականացվել են՝ պահպանելով կառույցի նախկին ճարտարապետական տեսքը, օգտագործելով եկեղեցու հին քարերը, սակայն եկեղեցու ամրության համար ավելացվել են մետաղյա կոնստրուկցիաներ: 2002 թվականից վերականգնման աշխատանքների համար ֆինանսական հիմնական բեռն իր ուսերին էր վերցրել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու Ղուկասյանների ընտանիքը: Վերջիններիս միջոցներով ոչ միայն հիմնանորոգվեց եկեղեցին, այլ նաև խաչը: Տեղադրված խաչով եկեղեցին ունի 47 մետր բարձրություն: Այս պահին իրականացվում են եկեղեցու ներքին հարդարման աշխատանքները: Եկեղեցու վրա տեղադրված է նաև փոքր զանգը, որն իր կողմից քաղաքին նվիրեց քանդակագործ Արտուշ Պապոյանը: Շատ գյումրեցիներ վստահ են, որ 1988 թվականի երկրաշարժից հետո Գյումրիի վերականգնումը կազդարարվի հենց Ամենափրկչի վերականգնմամբ: 

 

 

 

 

 

 

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում