Մարզեր

Անի համայնքում նշվել է Սառնաղբյուրի հերոսամարտի 108-ամյակը

2 րոպեի ընթերցում

Անի համայնքում նշվել է Սառնաղբյուրի հերոսամարտի 108-ամյակը

Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրում մեծ շուքով նշվել է Սառնաղբյուրի հերոսական գոյապայքարի 108-ամյակը: Տարիներ շարունակ այս հերոսամարտին նվիրված միջոցառումներն անցկացվում են համապատասխան հուշարձանի հարակից տարածքում: Միջոցառմանը ներկա էին Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, Սառնաղբյուրի և հարակից բնակավայրերի բնակիչներ, հյուրեր:

Ներկաները ծաղիկներ են խոնարհել հերոսամարտին նվիրված հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով անմահ հերոսների հիշատակին:

«Մայիսյան այդ օրերի ինքնապաշտպանական մարտերում կենաց ու մահու կռիվ են տվել մեր պապերն ու նախահայրերը: Նրանց քաջարի ու ազատատենչ ոգին հենց այսօրինակ միջոցառումների շնորհիվ է անմահանում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իր ելույթում նշել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Սաղաթելյանը՝ հավելելով, որ Սառնաղբյուրի հերոսամարտն առանձնահատուկ նշանակություն է ունեցել մեր պետականության կազմավորման գործընթացում:

Միջոցառման ընթացքում հայրենասիրական կատարումներով հանդես են եկել երգիչ Կարեն Մշեցին, «Հրայրք» ավանդական պարի խումբը, Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցի, ինչպես նաև Մարալիկի արվեստի և երաժշտական դպրոցի սաները: Բազմաբովանդակ տոնակատարության շրջանակներում առանձին տաղավարներով ներկայացված էր Սառնաղբյուրի մշակութային կոլորիտը:

Սառնաղբյուրը (նախկին Սոգյութլու գյուղը) 1918 թվականի մայիսի 18-22-ը հերոսական ինքնապաշտպանական մարտեր է մղել թուրքական կանոնավոր ջոկատների դեմ: Սոգյութլուի ճակատամարտը շատերի համար դեռևս լիովին բացահայտված չէ, սակայն այն իր արժանի տեղն ունի Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի կողքին, որտեղ հայ հերոսները սեփական արյան գնով պաշտպանեցին հայրենի հողը:

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում