Գյումրիում կանցկացվի «Հայաստան» երգչախմբային 5-րդ հանրապետական մրցույթ-փառատոնը՝ նվիրված Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակին
3 րոպեի ընթերցում

Գյումրիի Կամերային երաժշտության դահլիճում մայիսի 28-ին 5-րդ անգամ կանցկացվի «Հայաստան» երգչախմբային հանրապետական մրցույթ-փառատոնը: Մշակութային խոշոր այս իրադարձությանը մասնակցության հայտ է ներկայացրել հանրապետության 6 մարզի 11 համայնքից և մայրաքաղաքից ժամանած 22 երգչախումբ՝ շուրջ 700 անդամով։ «Հայաստան» երգչախմբային մրցույթ-փառատոնն այս տարի նվիրվում է հայտնի կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Խաչատուր Ավետիսյանի ծննդյան 100-ամյակին։ Մշակութային տոնի գեղեցիկ ակորդը կհնչի փառատոնի ավարտին, երբ Գյումրիի արվեստի և երաժշտական դպրոցների միասնական երգչախումբը կկատարի մեծանուն կոմպոզիտորի հանրահայտ «Մեր աշխարհը» ստեղծագործությունը։
Գյումրիի համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար Լիլիթ Թովմասյանն «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց, որ փառատոնն անցկացվում է երեք՝ A, B և C դասակարգումներով։ Մրցանակային տեղերը, համապատասխանաբար, I, II և III կարգի դիպլոմներով տրվում են յուրաքանչյուր երեք անվանակարգի համար։ Կարգ A դասակարգմամբ փառատոնին մասնակցում են առանձին պրոֆեսիոնալ երգչախմբերը, երաժշտական բուհերի և քոլեջների, ինչպես նաև երաժշտական և արվեստի դպրոցների երգչախմբերը։ Կարգ B դասակարգմամբ հանդես են գալիս միայն արվեստի և երաժշտական դպրոցների երգչախմբերը, իսկ կարգ C դասակարգմամբ՝ հանրակրթական դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների, մշակութային և հասարակական կազմակերպությունների երգչախմբերը։
Մրցույթ-փառատոնի մասնակիցների կատարումները կգնահատի հեղինակավոր պրոֆեսիոնալ ժյուրին։ Ժյուրիի կազմում կլինեն կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Երվանդ Երկանյանը, ով հանդիսանում է ժյուրիի նախագահը, և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Հարություն Արզումանյանը։ Ժյուրիի կազմում ընդգրկված է նաև միջազգային մրցույթների դափնեկիր, Եվրոպական երգչախմբային ասոցիացիայի «Բարեկամներ» կառավարման խորհրդի անդամ, Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի և Բ. Կանաչյանի անվան արվեստի դպրոցի երգչախմբերի ղեկավար, «SKENA» երգչախմբի դիրիժոր և գեղարվեստական ղեկավար, ինչպես նաև նույնանուն երաժշտական գործակալության ու Երիտասարդ կոմպոզիտորների մրցույթ-փառատոնի հիմնադիր և «Դիվիզի» մշակութային ՀԿ նախագահ Մարինե Ալավերդյանը։ Հանձնաժողովի աշխատանքներին կմասնակցի նաև Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Երաժշտության մանկավարժության ամբիոնի և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարության ամբիոնի դոցենտ, «Ավե Մարիա» իգական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Արտաշես Բաբուրյանը։