Վրաստան

Կոբախիձեն ԵՄ-ին ինտեգրումն անվանել է Վրաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունը

3 րոպեի ընթերցում

Կոբախիձեն ԵՄ-ին ինտեգրումն անվանել է Վրաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունը

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը Եվրամիությանն ինտեգրումն է, հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Կբախիձեն նոր կառավարության առաջին նիստում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։

«Մեր հիմնական արտաքին քաղաքական առաջնահերթությունը Եվրամիությանն ինտեգրումն է։ Մեր նախընտրական ծրագրի համաձայն՝ մինչև 2028 թվականը մենք պետք է կատարեինք ասոցացման օրակարգով և ազատ առևտրի համաձայնագրով նախատեսված պարտավորությունների ավելի քան 90 տոկոսը, և այդ խոստումը հստակորեն կիրականանա», - ասել է նա։

Կոբախիձեն նաև հույս է հայտնել, որ Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ Վրաստանի հարաբերությունները կվերագործարկվեն։

«Նաև շատ մեծ հույսեր ունենք, որ հարաբերությունները և՛ ԱՄՆ-ի, և՛ Եվրամիության հետ որակապես կթարմանան։ Հունվարի 20-ին կլինի Դոնալդ Թրամփի երդմնակալությունը, հետևաբար, ԱՄՆ-ն և Եվրամիությունը կունենան նոր առաջնորդ, և այս ղեկավարության պայմաններում մենք կարծում ենք, որ հարաբերությունները կարող են վերանայվել և կարծում ենք, որ պետք է ամեն ինչ անենք առողջ հարաբերություններ հաստատելու համար», - նշել է նա։

Վրաստանի վարչապետի խոսքով՝ վերջին չորս տարիների ընթացքում ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բախվել են լուրջ խնդիրների, որը Վրաստանի մեղքով չի եղել։

«Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին արհեստական ​​խոչընդոտներ էին ստեղծվում։ Եղել է լուրջ, կոպիտ շանտաժ։ Շանտաժի դիմաց սա է մեր վերաբերմունքը, և այս կեցվածքով մենք պետք է անպայման շարունակենք մեր ճանապարհն այն ուղղությամբ, որը կոչվում է Վրաստանի լիարժեք ինտեգրում Եվրամիությանը», - հավելել է նա։

Իր հերթին «Ինտերֆաքս» գործակալությունը նշում է, որ Կոբախիձեն նաև պատրաստակամություն է հայտնել քննարկումներ անցկացնել վերջին օրերին երկրում կազմակերպվող բողոքի ակցիաների մասնակիցների հետ։ Նա նշել է, որ Թբիլիսիում բողոքի ակցիան կազմակերպվել է «հատուկ նախանշված ծրագրով», որում ներգրավվել է օտարերկրյա ֆինանսավորում։ 

Վրաստանում գիշերը հերթական ցույցն է անցկացվել երկրի կառավարության որոշման դեմ, համաձայն որի մինչև 2028 թվականը Վրաստանը դադարեցնում է Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները։ 

Ըստ երկրի Ներքին գործերի նախարարության՝ վերջին օրերին ցույցերի ժամանակ ոստիկանների վրա հարձակվելու և հրկիզելու միջոցով գույք վնասելու մեղադրանքով երեք մարդ է ձերբակալվել։ Բացի այդ, ըստ գերատեսչության, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն՝ ընդհանուր առմամբ ձերբակալվել է 224 մարդ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում