Միացյալ Նահանգներ

Մեքսիկայի նախագահն արձագանքել է Թրամփի պնդումներին, թե Շեյնբաումը համաձայնել է փակել սահմանները

2 րոպեի ընթերցում

Մեքսիկայի նախագահն արձագանքել է Թրամփի պնդումներին, թե Շեյնբաումը համաձայնել է փակել սահմանները

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումն արձագանքել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի այն պնդմանը, որ իրենք համաձայնություն են ձեռք բերել՝ դադարեցնելու միգրացիան դեպի ԱՄՆ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Շեյնբաումի հետ հեռախոսազրույցից հետո Թրամփը գրել է, որ Մեքսիկայի ղեկավարը համաձայնել է «վերջ դնել միգրացիային Մեքսիկայով դեպի Միացյալ նահանգներ՝ արդյունավետ կերպով փակելով մեր հարավային սահմանը»:

«Մեքսիկան թույլ չի տա մարդկանց գալ մեր հարավային սահման, ինչն ուժի մեջ է մտնում անմիջապես», - գրել է Թրամփն իր Truth Social սոցիալական հարթակում։

Նա նաև նշել է, որ Մեքսիկայի ղեկավարի հետ քննարկել է այն քայլերը, որոնք կարելի է ձեռնարկել թմրանյութերի մեծ հոսքն ԱՄՆ դադարեցնելու համար։ 

Շեյնբաումն արագ արձագանքել է սահմանը փակելու մասին Թրամփի խոսքերին՝ որոշակի առումով հակասելով նրան։

«Մենք կրկնում ենք, որ Մեքսիկայի դիրքորոշումն է ոչ թե փակել սահմանները, այլ կառուցել կամուրջներ կառավարությունների և ժողովուրդների միջև», - գրել է նա X սոցիալական հարթակում։ 

Օրերս Թրամփը հայտարարել էր, որ հունվարին իր երդմնակալությունից անմիջապես հետո ԱՄՆ-ն 25% մաքսատուրք կսահմանի Մեքսիկայից և Կանադայից, ինչպես նաև 10% մաքսատուրք՝ Չինաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ՝ դա պատճառաբանելով ԱՄՆ մտնող թմրանյութերի մեծ քանակով և միգրանտների մեծ հոսքով։

Նոյեմբերի 27-ին Շեյնբաումը խոստացել էր համարժեք միջոցներ ձեռնարկել, եթե ԱՄՆ-ն առևտրային պատերազմ սկսի։ Նա հայտարարել էր, որ Մեքսիկան իր հերթին կբարձրացնի մաքսատուրքերը։

Միևնույն ժամանակ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երկրի 10 նահանգների ղեկավարների հետ նոյեմբերի 27-ին արտակարգ հանդիպում է անցկացրել՝ քննարկելու, թե ինչպես արձագանքել Թրամփի նախազգուշացրած մաքսատուրքերին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում