ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վարչական համալիրում նոյեմբերի 27-ին հյուրընկալվել են ՀՀ ԶՈՒ հավաքականի՝ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության մասնակից մարզիկները, մարզիչները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Պաշտպանության նախարար Սուրեն պապիկյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով:
«Շնորհավորելով մարզիկներին մարզական հեղինակավոր առաջնությունում պատվավոր տեղեր զբաղեցնելու և Հայաստանի Հանրապետության պատիվը միջազգային հարթակում բարձր պահելու կապակցությամբ՝ հպարտությամբ ընդգծել եմ, որ սա ևս մեկ առիթ էր ապացուցելու, որ մեր երկրում պահպանվում են մարզական լավ ավանդույթները:
Այս մրցաշարը ծառայության համար նոր լիցք հաղորդեց ոչ միայն առաջնության մասնակից մարզիկներին, այլև այն զինծառայողներին, որոնք այժմ մարտական հերթապահություն են իրականացնում»,- նշված է գրառման մեջ:
Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության մասնակից ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամներին շնորհավորել և թիմային լավ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը՝ նշելով, որ ժամկետային զինծառայող մարզիկներն այս մրցաշարում դրսևորել են իրենց ուժը, կամքը և ցույց տվել, որ ինչպես զինված ուժերի տարբեր ուղղություններում, այնպես էլ սպորտում և ֆիզիկական պատրաստության բնագավառում ունենք նշանակալի հաջողություններ։
Հանդիպման ավարտին Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության մասնակից ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամներին Սուրեն Պապիկյանը պարգևատրել է հուշամեդալներով և նվերներով՝ մաղթելով նորանոր հաջողություններ։
Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնությունում ՀՀ ԶՈՒ հավաքականը նվաճել է 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ: