Քաղաքականություն

Գյումրիում դեկտեմբերի 8-10-ը կանցկացվեն նախնական ընտրություններ

2 րոպեի ընթերցում

Գյումրիում դեկտեմբերի 8-10-ը կանցկացվեն նախնական ընտրություններ

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գյումրիում դեկտեմբերի 8-ից 10-ը տեղի կունենան նախնական ընտրություններ, որոնց արդյունքներով որոշվելու է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ նպատակը Գյումրիում առկա կառավարման ճգնաժամը հաղթահարելն է։ 

«Մասնագետներն ասում են, որ Գյումրիում հաստատված կառավարման ճգնաժամը հնարավոր չի լինելու հաղթահարել առանց վարչապետի միջամտության, և այդ միջամտությունը կայանալու է հետևյալում․ առաջիկայում ընդունվելիք օրենսդրական փոփոխությունների արդյունքում ես պետք է Գյումրիում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեմ։ Քննարկելով նաև ՔՊ վարչության հետ՝ եկել եմ եզրակացության, որ այդտեղ միանձնյա վարչական որոշմամբ չէ, որ պետք է նշանակում իրականացնեմ։ Այդ նպատակով առաջիկայում Գյումրիում տեղի կունենան նախնական քվեարկություններ կամ ընտրություն, որն ընդունված է միջազգայնորեն անվանել «փրայմըրիս»»,- ասել է Փաշինյանը։ 

Ըստ վարչապետի՝ գործընթացը կիրականացվի հետևյալ ձևաչափով․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների, համակիրների և համախոհների շրջանակից կխնդրեն ինքնաառաջադրվել կամ առաջադրել թեկնածուներ։ ՔՊ-ն կանցկացնի նախնական ընտրություններ Գյումրիի բնակիչների շրջանում՝ պատահականության որոշակի սկզբունքով։ Նախնական ընտրությունների հաղթողը կնշանակվի Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար և մեծ հավանականությամբ կլինի ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն ավագանու հաջորդ ընտրություններին։

«Նախնական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 8-10-ը»,- եզրափակել է վարչապետը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում