ԳԱՎԱՌ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Տրետուք գյուղում Հայաստանի Հանրապետությունում մետաղական հանքավայրերի շահագործումից ազդակիր համայնքներին օրենքով սահմանված կարգով տրվող բնապահպանական վճարների մասհանումներից տրվող միջոցների հաշվին հիմնանորոգվել է կենտրոնական ճանապարհի մի հատվածը և բնակչության կարիքների համար ձեռք բերվել կիսաբեռնատար ամենագնաց։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, սահմանամերձ Տրետուքում ասֆալտապատվել է 160 գծամետր երկարության ճանապարհահատված՝ շուրջ 900 քառակուսի մետր մակերեսով, և մանկապարտեզի բակը։ Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմել է 12 միլիոն 960 հազար դրամ։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի հոկտեմբերի երկրորդ կեսից և ավարտվել նոյեմբերի առաջին կեսի ընթացքում։
Մեկ այլ ծրագրով, 16 միլիոն 800 հազար դրամի շրջանակներում, Տրետուքի բնակչության կարիքների համար ձեռք է բերվել կիսաբեռնատար ամենագնաց, որն արդեն առաջիկայում կծառայի իր նպատակին։