ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի գրառման միջոցով տեղեկացրել է, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։
«Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով մամուլում եւ սոցիալական ցանցերում ի հայտ եկած զանգվածային քննարկումները, հարկ եմ համարում տեղեկացնել, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։
Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ։
Միեւնույն ժամանակ չեմ կարող ուրանալ մեր նշված գործընկերների վաստակը մեր պետականության զարգացման գործում եւ շնորհակալ եմ բոլորին իրենց ներդրման եւ իմ խնդրանքի ըմբռնման համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է ՀՀ վարչապետը:
Մամուլում երեկվանից լուրեր են շրջանառվում ՀՀ կառավարությունում կադրային լուրջ փոփոխությունների մասին։ Նոյեմբերի 18-ին հրաժարականի մասին հայտարարեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեից էլ հաստատեցին, որ ազատման դիմում է գրել Կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։
Շրջանառվող լուրերի համաձայն՝ հրաժարականի դիմումներ են ներկայացրել նաև ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։