Մշակույթ

Իսպանիայի փոխդեսպանը մասնակցել է Եվրամիության՝ Հայաստանում անցկացրած երիտասարդական ծրագրին

4 րոպեի ընթերցում

Իսպանիայի փոխդեսպանը մասնակցել է Եվրամիության՝ Հայաստանում անցկացրած երիտասարդական ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների «Լուսավոր Ապագա» հիմնադրամը նոյեմբերի 3-14-ին երիտասարդների փոխանակման իր հերթական միջազգային նախագիծն է իրականացրել Հայաստանում՝ միջմշակութային հաղորդակցություն թեմայով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Լուսավոր Ապագա» հիմնադրամից, ծրագիրն այս տարի կրել է «Մենք բոլորս ժպտում ենք նույն լեզվով» խորագիրը։ Հայաստանցի և Ֆրանսիայից, Իսպանիայից, Նիդերլանդներից, Հորդանանից, Վրաստանից, Ուկրաինայից, Լիբանանից Հայաստան ժամանած երիտասարդները ծրագրի շրջանակում կարողացել են ստանալ նոր գիտելիքներ, բացահայտել հետաքրքիր փաստեր միմյանց մշակույթների մասին և փորձի փոխանակել՝ սովորեցնելով միմյանց իրենց լեզուն, ազգերի պարերն ու երգերը։

«Մենք նմանօրինակ եվրոպական միջազգային նախագծերը Հայաստանում իրականացնում ենք 2017 թվականից։ Արդեն քանի տարի է՝ տարբեր երկրներից երիտասարդներ ենք հյուրընկալում Հայաստանում։ Ապրելով Նիդերլանդներում՝ շատ կարևորում եմ ոչ միայն իմ երկիրը լավ ներկայացնելը, այլ նաև նման ծրագրերը Հայաստան բերելը», - նշում է «Լուսավոր ապագա» հիմնադրամի նախագահ Մարիամ Կիրակոսյանը։

Ըստ աղբյուրի՝ Եվրամիության երիտասարդական ծրագրին հատուկ հյուր էր Հայաստանում Իսպանիայի փոխդեսպան Քրիստինա Կոնեսա Սանչոն, ով մեկ օր անցկացրել է երիտասարդների հետ՝ կիսվելով իր փորձով և ինքը ևս սովորելով տարբեր երկրների մշակույթներից։

«Ցանկացած ծրագիր, որը ներառում է միջմշակութային փոխանակում, շատ կարևոր է երկրների հարաբերությունների համար, հատկապես, երբ ծրագիրը ներառում է երիտասարդներին, քանի որ երիտասարդ սերունդը մեր երկրների լավագույն դեսպանն է։ Օրինակ՝ իսպանացի ուսանողները Իսպանիայի լավագույն դեսպաններն են, որովհետև նրանք այսպիսի ծրագրերով տարածում են մեր մշակույթն ու լեզուն»,- ավելացրել է Քրիստինա Կոնեսա Սանչոն։

Նշվում է, որ ծրագրի նպատակն է ոչ ֆորմալ մեթոդների կիրառման արդյունքում զարգացնել գիտելիքներն ու փորձը՝ միջմշակութային հաղորդակցության ոլորտում, հնարավորություն ընձեռել հայ և այլազգի երիտասարդներին համագործակցել և միասին զարգացնել գիտելիքները տարբեր թեմաների մասին, ինչպես նաև՝ այցելել Հայաստան և ծանոթանալ մեր պատմությանն ու մշակույթին:

«Լուսավոր Ապագա» հիմնադրամի տեղեկացմամբ՝ դասընթացներն անցկացնող Նանե Սերոբյանը փաստում է՝ այստեղ այն երիտասարդներն են, որոնք ունեն մոտիվացիա և հետաքրքրվածություն՝ իրենց կյանքը նորություններով լցնելու։ Նրա խոսքով՝ դիմորդների քանակը մեծ էր, ընտրությունը` բարդ։

«Մենք հիմնականում փորձում ենք ընտրել այն մարդկանց, որոնք ունեն ավելի քիչ հնարավորություններ, ունեն ցանկություն ավելի զարգանալու։ Ու մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ իրենք իրենց զգան այնքան ապահով, որ բոլոր այդ հնարավորությունները, որ կարող են սովորական կյանքում չունենալ՝ ղեկավար լինելու, դրսևորվելու, կարողանան խաղերի, վարժությունների ընթացքում ցուցաբերել»,- հավելեց Նանե Սերոբյանը։

Ծրագիրը հնարավորություն է ընձեռում ներգրավված երիտասարդներին զգալ զվարճալի ոչ ֆորմալ ուսուցման բոլոր առավելությունները բազմամշակութային միջավայրում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում