ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահ Լուիս Լակաժե Պոուին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիսավոր արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում, որին ներկա էր նաև արտաքին հարաբերությունների նախարար Օմար Պագանինին, նախագահ Լակաժե Պոուն շնորհավորել է ՀՀ դեսպանին՝ մաղթելով հաջողություններ իր պատասխանատու առաքելության ընթացքում:
Զրույցի շրջանակներում կողմերն անդրադարձել են հայ-ուրուգվայական հարաբերությունների ամրապնդման հեռանկարներին, շեշտել դրանց պատմականորեն բարեկամական բնույթը և երկուստեք գոհունակություն արտահայտել Մոնտեվիդեոյում ՀՀ դեսպանության բացման կապակցությամբ:
Դեսպան Գևորգյանն Ուրուգվայի նախագահին է ներկայացրել տարածաշրջանային անվտանգության իրավիճակը, կայուն և երկարատև խաղաղության հասնելու ուղղությամբ Հայաստանի գործադրած ջանքերը: