Իրավունք

Քննչական մարմինների ղեկավարների համար սահմանվելու է կարգապահական պատասխանատվության ենթարկելու առանձնահատուկ մեխանիզմ

2 րոպեի ընթերցում

Քննչական մարմինների ղեկավարների համար սահմանվելու է կարգապահական պատասխանատվության ենթարկելու առանձնահատուկ մեխանիզմ

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդարադատության նախարարությունն առաջարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթները տարածել քննչական մարմինների՝ Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեների ղեկավարների և նրանց տեղակալների նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանը։

Նախագծերի փաթեթով առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթները տարածել քննչական մարմինների՝ Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեների ղեկավարների և նրանց տեղակալների նկատմամբ: Հանձնաժողովին կվերապահվի լիազորություն հետևելու նշված պաշտոնատար անձանց վարքագծի կանոնների և շահերի բախման կարգավորումների պահպանման գործընթացը, ինչպես նախատեսված է օրենքով այլ պետական պաշտոն զբաղեցնող անձանց համար: 

Մանրամասն ներկայացնելով օրենսդրական փաթեթով նախատեսվող կարգավորումները՝ հիմնական զեկուցողը նշեց, որ միասնական մոտեցում որդեգրելու և կարգավորումների կանխատեսելիության ու նաև դրանց կիրառման միատեսակություն ապահովելու նպատակով է առաջարկվել օրենսդրական փաթեթը:

«Առաջարկվում է փոփոխություն, որով ղեկավարների և տեղակալների կարգապահական վարույթները, որոնք վերաբերելու են վարքագծի կանոններին կամ շահերի բախմանը, տեղափոխել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դաշտ»,-մանրամասնեց հարակից զեկուցող Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը՝ խորհրդարանականներին ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծերի փաթեթի վերաբերյալ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում