Մեր հավաքական սոցիալ-մտածողությունն ապապետական է. Փաշինյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ հայ ժողովրդի հավաքական սոցիալ-մտածողությանը կամ սոցիալ-հոգեբանությանը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը թեմային անդրադարձավ ԱԺ-ում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանն իր եզրափակիչ ելույթում: 

«Այսօրվա մեր հավաքական սոցիալ-մտածողությունը կամ սոցիալ-հոգեբանությունը էականորեն ապապետական է: Մեր բոլորի ենթագիտակցությունն է ապապետական: Ես ինձ պարբերաբար բռնում եմ այն մտքի վրա, որ այն, ինչ ասում ենք, այն, ինչին հավատում ենք երբեմն կամ հաճախ այս կամ այն չափով իր վրա կրում է ապապետականության անտեսանելի, անարձանագրելի կնիքը: Խոսքը բոլորիս մասին է՝ ինձնից սկսած: Մեր ինքնաճանաչման համար սա առանցքային գործոն է, իսկ ինքնաճանաչումն առանցքային գործոն է մեր կենսական օրակարգը ճանաչելու համար, իսկ կենսական օրակարգը ճանաչելը կարևոր է  զարգացումն ու առաջընթացն ապահովելու, պետության հարատևությունը երաշխավորելու համար»,-ասաց Փաշինյանը:

Նա շեշտեց՝ միայն պետությունն է ազգային ինքնության պահպանման ու զարգացման գրավականը: «Կա պետություն, մենք կլինենք որպես հայ ժողովուրդ, չկա պետություն, մենք չենք լինի որպես հայ ժողովուրդ: Ի դեպ, մենք մինչև այսօր որպես ժողովուրդ կանք բացառապես ժամանակին ունեցած պետական ավանդույթի շնորհիվ»,-նշեց նա:

Փաշինյանի կարծիքով՝ խնդիրն այն է, որ սոցիալ-հոգեբանությունը չի կարող և չի ձևավորվում 1 կամ 2 տարում, նույնիսկ 50 կամ 100 տարում, դա հարյուրամյակների տևական գործընթաց է: Իսկ վերջին 600-ամյակում Հայաստանը միայն 35 տարի է անկախ պետության փորձ ունեցել:

«Այսինքն՝ մեր այսօրվա սոցիալ-հոգեբանությունը, սոցիալ-մտածողության գենետիկան մեծ մասամբ ձևավորվել է այն շրջանում, երբ մենք չենք ունեցել անկախ պետություն, այլ եղել ենք գաղութ, հպատակ, համայնք: Այսինքն՝ օրգանական կապի մեջ չենք եղել այն պետության հետ, որի շրջանակներում ապրել ենք: Այն պետությունները, որում ապրել ենք, մեզ օտար են եղել: Եթե նույնիսկ որպես ժողովուրդ լավ ենք զգացել այդ պետությունների մեջ, նրանց նկատմամբ ունեցել ենք որոշակի օտարություն, որոշակի դիմադրություն, և այդպես նվազագույնը 600 տարի: Եվ ստացվել է այնպես, որ դիմադրությունը, օտարությունը պետականություն, պետություն հասկացության ընկալման մեր հիմնական ձևն է, պետության մեր հիմնական արձագանքը: Պետության մեր առաջին ընկալումը պարտադրանքն է, որի նկատմամբ առաջին ռեակցիան դա թոթափելու, դրան դիմադրելու ներքին ցանկությունն է՝ հիմա արդեն, եթե նույնիսկ այդ պետությունը մենք ենք ստեղծել »,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ ենթագիտակցությունը շարունակում է աշխատել:

Ըստ Փաշինյանի՝ սա մի բանաձև է, որը բացատրում է 1990 թվականից մինչև օրս տեղի ունեցած բազմաթիվ կարևոր իրադարձություններ, եթե ոչ բոլոր իրադարձությունները: 

«Ակնհայտ է, որ վերը շարադրվածի հետևանքով մեր սոցիալ-մտածողությունը, մեր սոցիալ-հոգեբանությունը համակարգային, ինստիտուցիոնալ չէ, այլ դրվագային է, որը տվյալ դեպքում ապապետականի հոմանիշ է»,-նշեց նա:

Հայերեն

Երևանում կայացավ Արքայազն Թալալի անվան մրցանակաբաշխությունը՝ 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա