Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ տարածաշրջանի հաղորդակցային ուղիների ապաշրջափակման համատեքստում երկրների օրենսդրությունը, իրավազորությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը չեն կարող խոչընդոտ համարվել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանն այս մասին ասաց հունվարի 31-ի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով ադրբեջանական կողմից հնչող պնդմանը, թե Հայաստանը պետք է դեպի Նախիջևան անխոչընդոտ ճանապարհ տրամադրի Ադրբեջանին։
«Ասում են (խմբ․ նկատի է առնվում Ադրբեջանը) անխոչընդոտ ուզում ենք անցնենք, ասում ենք, հա, անցեք, բայց երկրի իրավազորությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը չեն կարող խոչընդոտ համարվել»,-ընդգծեց վարչապետը։
Վերջինիս դիտարկմամբ՝ այդ թեմայի հետ կապված Ադրբեջանն ասում է, որ եթե Հայաստանը ճանապարհ չտա, ապա Բաքուն կօգտվի Իրանի տարածքից, ինչին Երևանը բացարձակ դեմ չէ և չի կարող դեմ լինել Ադրբեջանի և Իրանի միջև տրանսպորտային համագործակցությանը։
«Մենք էլ ասում ենք՝ այն պայմանները, որոնք Իրանն առաջարկում է, այդ նույն պայմաններով մենք էլ ենք պատրաստ առաջարկել այդ անցումը»,-նշեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Երևանն ընդհակառակը՝ ցանկանում է օգտագործել այդ ճանապարհները և շահագրգռված է դրանով։
«Հաշվի առնելով, որ տվյալ դեպքում Հայաստանն էլ ցանկություն ունի ճանապարհներ օգտագործել՝ մենք պատրաստ ենք նաև որոշակի պարզեցումների»,-նշեց վարչապետը՝ ընդգծելով, որ այս թեմայի հետ կապված տարընթերցումներից խուսափելու համար կարելի է ուսումնասիրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որում հենց նշված են այդ պարզեցումներին վերաբերող բաղադրիչները։
Վարչապետի դիտարկմամբ՝ Հայաստանը ցանկանում է, որ իր տարածքով անցումները շատ լինեն, քանի որ դա շահութաբեր է պետության համար և տարածաշրջանային կայունության համար կարևոր գործոն է։