Խաղադրույքներն արգելել չի լինի, սակայն կառավարությունը փորձում է հնարավորինս շատ խոչընդոտներ ստեղծել դրա համար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով խաղադրույքների մտահոգիչ վիճակագրությանը:
«Խաղադրույքներն արգելել չի լինի: Դա գործունեության մի ձև է, որ աշխարհի բոլոր երկրներում կա: Հայաստանում չեն անի, ուրիշ երկրում կանեն, ինտերնետ խաղադրույք է: Ինտերնետը սահմանափակենք, համոզված եմ՝ շատ կլինի մեկնաբանություն, թե մարդկանց ազատությունը սահմանափակում ենք, բռնապետական քայլ է»,–ասաց Փաշինյանը:
Վարչապետը հիշեցրեց, որ խաղադրույքների հետ կապված որոշ կարգավորումներ են արել՝ ռիսկերը կառավարելու համար: Օրինակ՝ արգելել են խաղադրույքների գովազդները: «Բայց չեմ բացառում, որ «սև ինտերնետում» կան գովազդներ: Դա գոնե հիմա չենք կարողանում կառավարել: Կազինոյի գործունեության տեսակը չենք կարող արգելել: Բոլոր երկրներում էլ կան: Այլ խնդիր է, որ մարդու համար, որն ունի գումար և գիտակցված գնում, անում է, հնարավորինս խոչընդոտներ ստեղծենք»,–ասաց նա՝ հիշեցնելով, որ գազալցակայաններից հանել են բոլոր խաղային ապարատները, բուքմեյքերական գրասենյակները փակել են:
«Քաղաքական կամքի պակաս չի եղել, կոնկրետ գործողություններ են եղել, բայց թվերն աճում են: Այստեղ էլ պետք է վերադառնանք՝ կարո՞ղ է մի բան սխալ ենք անում: Եվ ես չեմ բացառում: Այդտեղ մեծ փողեր են դրվում, տեխնոլոգիան ավելի արագ է աճում, քան մենք իր հետևից հասնում ենք»,–ասաց Փաշինյանը:
Նա շեշտեց՝ չեն կարող արգելել, բայց փորձում են հնարավորինս խոչընդոտներ ստեղծել:
«Ամոթ չէ խոստովանել, որ մասնավոր ընկերությունների այդ ոլորտի տեխնոլոգիաներն ավելի արագ են աճում, քան կառավարությունը դրա հետևից հասնում է: Ես լիարժեք ընդունում եմ այդ օրակարգը: Չեք պատկերացնի, թե դա ինձ ինչքան է մտահոգում: Դա այն ոլորտներից է, որտեղ ամենաշատ քայլերն ենք արել՝ մեծ դիմադրություններ հաղթահարելով»,–ասաց վարչապետը:
Փաշինյանի խոսքով՝ փորձելու են ոլորտում հարկային բեռն ավելի էֆեկտիվ դարձնել, որ դա ևս լրացուցիչ խոչընդոտ լինել՝ հետագա խաղադրույքների համար: