Տնտեսություն

Արագածոտնի մարզպետի գնահատմամբ՝ մոտակա տարիներին մարզում ճանապարհների վերանորոգման խնդիրն ամբողջությամբ լուծված կլինի

4 րոպեի ընթերցում

Արագածոտնի մարզպետի գնահատմամբ՝ մոտակա տարիներին մարզում ճանապարհների վերանորոգման խնդիրն ամբողջությամբ լուծված կլինի

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը կարևորում է ՀՀ կառավարության կողմից մարզում իրականացվող ծրագրերը, որոնք ռազմավարական բնույթ են կրում։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սերգեյ Մովսիսյանը նշեց, որ  Արագածոտնի մարզում, ընդհանուր առմամբ, սուբվենցիոն և պետական ծրագրերով միայն 2018-2023 թվականներին 300 կիլոմետր ճանապարհ է վերակառուցվել, հիմնանորոգվել ու հանձնվել շահագործման։

«Շատ կարևոր են կառավարության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք նաև ռազմավարական բնույթի են` սկսած գազաֆիկացումից, մինչև ենթակառուցվածքներ, դպրոցաշինություն, առողջապահական ոլորտ։ Մասնավորապես՝ պետական ֆինանսավորմամբ ներկայում 3 առողջապահական հիմնարկ է հիմնանորոգվում՝ Աշտարակի, Թալինի բժշկական կենտրոնները և Ծաղկահովիտի առողջության կենտրոնը»,-մանրամասնեց Մովսիսյանը՝  համոզմունք հայտնելով, որ դրանց հիմնանորոգման ավարտից հետո մարզի բնակիչներն արդեն հնարավորություն կունենան տեղում օգտվել ժամանակակից, եվրոպական ստանդարտներին համապատասխան բժշկական կենտրոններից։

Աշտարակի և Թալինի ԲԿ-ների հիմնանորոգման համար հատկացվել է ավելի քան 1-ական միլիարդ դրամ գումար, իսկ Ծաղկահովիտին՝ 615 միլիոն դրամ։

Արագածոտնի մարզպետը կարևորեց նաև կառավարության կողմից ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներում իրականացվող ծրագրերը` որպես օրինակ նշելով Շամիրամ գյուղում նախատեսվող գազաֆիկացման աշխատանքները, որի արժեքը շուրջ 300 միլիոն դրամ է կազմում։

Մովսիսյանի դիտարկմամբ՝ ամբողջությամբ շինհրապարակի է վերածվել նաև մարզկենտրոն Աշտարակը, որտեղ կառավարության կողմից հաստատված ծրագրով վերանորոգվում է քաղաքամիջյան 3,9 կիլոմետր ճանապարհ, որի ֆինանսավորումը կազմում է 1,7 միլիարդ դրամ։  

Վերանորոգվում են 1,3 կմ երկարությամբ Կաքավաձոր-Օթևան ու 5,1 կմ կազմող Հացաշեն-Սորիկ ճանապարհները, որոնց համար համապատասխանաբար՝ 185 մլն և ավելի քան 500 մլն դրամ գումար է տրամադրվել։

«Այս տեմպերով եթե գնանք, կարճ ժամանակահատված հետո սուբվենցիոն և կառավարության կողմից իրականացվող ծրագրերի արդյունքում մենք չենք ունենա վատ ենթակառուցվածք։ Այսինքն՝ ճանապարհների հարցը մենք կհամարենք փակված։ Կարծում եմ՝ մոտակա տարիներին մենք արդեն վերջացրած կլինենք բոլոր ենթակառուցվածքների հիմնանորոգումը»,-համոզմունք հայտնեց մարզպետը։

Նրա կարևորեց  ոռոգման և խմելու ջրի մատակարարման ենթակառուցվածքների խնդիրը, որոնք, տարիներ շարունակ օգտագործվելով, շարքից դուրս են եկել, սակայն չեն վերանորոգվել։ 

«Կարծում եմ, եթե այն տեմպերով, ինչպիսին ճանապարհաշինությունն էր, անցնենք ջրային ենթակառուցվածքներին, ապա մի քանի տարվա ընթացքում բավականին դրական վիճակ կունենանք։ 2024 թվականի սուբվենցիաների համար կառավարությունն առաջնահերթությունը նաև ջրային ենթակառուցվածքների վերանորոգմանն էր տվել»,-ասաց Մովսիսյանը՝ կարծիք հայտնելով, որ  

2025 թվականը ջրային ենթակառուցվածքների վերականգման տարի կլինի, քանի որ ՀՀ վարչապետի մարզային այցելությունների ընթացքում այդ խնդիրը հաճախ է բարձրաձայնվել։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում