ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին
1 րոպեի ընթերցում

Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 24-ին ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ներքին գործերի նախարարությունից, քննարկվել են «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (Volfire) ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքներն ու հետագա համագործակցության հեռանկարները։
Արամ Ղազարյանը բարձր է գնահատել ծրագրի շրջանակում իրականացված համատեղ գործունեությունը՝ ընդգծելով հանրապետության տարբեր մարզերում ստեղծված 11 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի կարևորությունը, որոնք էական դեր են կատարում արտակարգ իրավիճակների ժամանակ համայնքների դիմակայունության բարձրացման գործում։ Այդ համատեքստում նշել է, որ ևս երկու կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի կառուցումը ավարտական փուլում է։