Իրան

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը ողջունել է Իրանի փոխնախագահի այցը Հայաստան: Նիկոլ Փաշինյանը կարևորել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդումը և վստահություն հայտնել, որ այն կնպաստի ողջ տարածաշրջանում հարաբերությունների և համագործակցության հետևողական զարգացմանը: 

Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին վարչապետ Փաշինյանին է փոխանցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի ջերմ ողջույնները և շնորհակալություն հայտնել դժվարին իրավիճակում Իրանի նկատմամբ Հայաստանի Կառավարության ցուցաբերած դիրքորոշման և մարդասիրական աջակցության համար։ 

Հաջորդիվ զրուցակիցները քննարկել են Հայաստան–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը: Մասնավորապես, երկրորդ կամրջի և նոր տերմինալի կառուցման, մաքսային ոլորտում համագործակցության հետևողական զարգացման ու մաքսային ընթացակարգերին վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվել է էներգակիրների ոլորտում փոխգործակցության զարգացումը։ 

Անդրադարձ է կատարվել ճանապարհաշինական համատեղ ծրագրերին, ինչպես նաև գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանը միտված քայլերին։

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացների և նոր հնարավորությունների շուրջ։ 

Հանդիպման ավարտին վարչապետ Փաշինյանն իր ջերմ ողջույններն է փոխանցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին։  

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում