Մշակույթ

Հայաստանում առաջին անգամ նշվեց Մեքսիկայի ամենահայտնի տոնակատարություններից մեկը՝ Մեռյալների օրը

3 րոպեի ընթերցում

Հայաստանում առաջին անգամ նշվեց Մեքսիկայի ամենահայտնի տոնակատարություններից մեկը՝ Մեռյալների օրը

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ ‹‹Մեռյալների օրը Մեքսիկայում›› խորագրով ցուցահանդեսի բացումը, որը կազմակերպել էին Հայաստանում Մեքսիկայի դեսպանությունը (նստավայրը՝ Մոսկվա) և պատվավոր հյուպատոսությունը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառման շրջանակներում ներկայացվեցին այս նշանավոր տոնակատարությանը բնորոշ բոլոր ավանդույթներն ու արարողությունները, ներառյալ՝ զոհասեղանը, ավանդական հացը, խմիչքը՝ ատոլեն, երգչախմբի կատարմամբ հնչեցին հայտնի մեքսիկական երգերը: 

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանը, Հայաստանում Մեքսիկայի պատվավոր հյուպատոս Նիկոլայ Կոստանդյանը և Հայաստանում Մեքսիկայի դեսպանի տիկին Մարիա Նազարեթ Սանչեսը, որը հատուկ այս միջոցառման համար ժամանել էր Մոսկվայից: Վերջիններս իրենց խոսքում կարևորեցին մեքսիկական հարուստ մշակույթը Հայաստանում ճանաչելի դարձնելու նպատակով նմանատիպ նախաձեռնությունների իրականացումը և դրանց շարունակականությունը՝ վստահեցնելով, որ դրանք իրենց նպաստն են բերում հայ և մեքսիկացի բարեկամ ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը: 

Իր խոսքում Նիկոլայ Կոստանդյանը նաև երախտագիտություն հայտնեց Հայաստանում Մեքսիկայի դեսպան Էդուարդո Վիյեգաս Մեխիասին՝ հայ-մեքսիկական հարաբերությունների զարգացման գործում հետևողական աշխատանքի և պատվավոր հյուպատոսությանը ցուցաբերած մշտական աջակցության համար: 

Միջոցառման հյուրերի շարքում էին ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանականներ, երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, պատվավոր հյուպատոսներ, մշակութային ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ: 

Մեռյալների օրը, որը սովորաբար նշվում է նոյեմբեր ամսվա առաջին օրերին, Մեքսիկայի ամենանշանավոր տոնակատարություններից մեկն է: Այն նաև համընդհանուր մշակութային ժառանգության մաս է կազմում և 2003 թվականից գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: 

Այս տոնակատարության միջոցով մեքսիկացիները հարգանքի տուրք են մատուցում մահացած սիրելի անձանց: 

Ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի մինչև ս. թ. նոյեմբերի 16-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում