Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրն ավելի կխորացնի երկու երկրների կապերը. հարցազրույց դեսպանի հետ

16 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի ստորագրումը երկու երկրների միջև համագործակցությունը բարձրացրել է մի մակարդակի, որը ոչ միայն ավելի կխորացնի երկու երկրների կապերն, այլև մեծապես կնպաստի տարածաշրջանային համագործակցությանն ու կայունությանը։

Այս մասին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Շարվաշիձեն՝ անդրադառնալով երկու երկրների միջև առկա հարուստ օրակարգին, այդ թվում՝ տնտեսական, քաղաքական և ռազմական համագործակցության հարցերին, հայ-վրացական գործընկերության ակնկալիքներին, տարածաշրջանում տիրող իրավիճակին։ 

Հարցազրույցն անցկացվել է հոկտեմբերի 24-ին։

-Պարոն դեսպան, Հայաստանն ու Վրաստանը միշտ ջերմ ու բարեկամական հարաբերություններ են ունեցել։ 2024 թվականի հունվարին Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերության միասնական հռչակագիր ստորագրեցին։ Պարոն դեսպան, ինչպե՞ս կգնահատեք երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ներկա մակարդակը և այդ հռչակագրի ստորագրումը։ Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է դա կարևոր երկու երկրների հարաբերությունների խորացման տեսանկյունից։

-Վրացիների և հայերի միջև գոյություն ունի բարիդրացիության, բարեկամության և համագործակցության դարավոր ավանդույթ: Մեր երկրների միջև համագործակցության ծավալն իր պատմական մակարդակի վրա է տարբեր հարթություններում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, էներգետիկ, զբոսաշրջության և այլ ոլորտներում։ Ուրախ եմ հիշեցնել, որ 2023 թվականի հուլիսի 1-ից Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներն առանց անձնագրերի՝ միայն կենսաչափական նույնականացման քարտերով սահմանը հատելու արտոնություն ունեն։ 

2024 թվականի հունվարին Հայաստանը և Վրաստանը ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր ստորագրեցին, որը երկու երկրների միջև համագործակցությունը բարձրացրեց հաջորդ մակարդակին։ Մենք խորապես հավատացած ենք, որ մեր գործընկերության այս նոր հարթությունը ոչ միայն ավելի կխորացնի Վրաստան-Հայաստան կապերը, այլև մեծապես կնպաստի տարածաշրջանային համագործակցությանն ու կայունությանը: 

Ինչպես գիտեք, այս տարվա մարտին «Bank of Georgia Group»-ի հայտարարության համաձայն՝ Վրաստանը Հայաստանի Հանրապետությունում իրականացրել է աննախադեպ ուղղակի ներդրում, որի շրջանակներում Վրաստանի Բանկը 303,6 մլն ԱՄՆ դոլարով գնել է հայկական խոշորագույն ֆինանսական հաստատությունը՝ «Ամերիա բանկ»-ը։ Ինձ համար ակնհայտ է, որ մոտ ապագայում նշանակալի աճը շոշափելի կլինի մեր ժողովուրդների միջև։

-Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հրավերով` սեպտեմբերի 1-ին պաշտոնական այցով Վրաստան այցելեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը։ Ինչպե՞ս կգնահատեք երկու երկրների հարաբերությունները պաշտպանության ոլորտում, և ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ այդ այցերը երկու երկրների ռազմական կապերի վրա։

-Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին 2024 թվականի հուլիսին շատ հաջող այց է ունեցել Հայաստան: Այցի ընթացքում հուլիսի 13-ին Վրաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է 2024 թվականի երկկողմ համագործակցության ծրագիրը: Բացի այդ, նախարար Պապիկյանն այս տարվա սեպտեմբերի 1-ին այցելեց Վրաստան։ Տարբեր ճյուղերի նախարարությունների միջև բարձր մակարդակի այցելությունների այս շատ ակտիվ դինամիկան մեր կառավարությունների միջև չափազանց արդյունավետ համագործակցության վկայությունն է։ Պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցությունը զարգացել է տարիների ընթացքում՝ երկու երկրներին հնարավորություն տալով փոխանակել փորձը պաշտպանության և անվտանգության ոլորտում: Ինչպես գիտեք, Վրաստանը տարիների փորձ ունի ՆԱՏՕ-ի գործընկերության միջազգային առաքելություններում, ինչպես նաև Եվրոպական միության առաքելություններում: Հարկ է նշել, որ Վրաստանը ռազմական կրթության ոլորտում ձեռք բերեց անգնահատելի փորձ և ռազմական ակադեմիայի հետ միասին հիմնեց սերժանտական ​​զորավարժությունների լայնածավալ կենտրոնն ու ունի բոլոր անհրաժեշտ գործիքներն ապագա սպաների պատրաստման համար։ Հայաստանի Զինված ուժերի ներկայացուցիչներն ակտիվորեն մասնակցում են Վրաստանում կազմակերպվող կրթական ծրագրերին և բազմազգ զորավարժություններին։ Մենք նաև հյուրընկալում ենք Հայաստանի ներկայացուցիչներին Վրաստանի Պաշտպանական ինստիտուտների կառուցման դպրոցում, որը ՆԱՏՕ-ի կողմից հավատարմագրված առաջին հաստատությունն է տարածաշրջանում և մասնագիտական ​​զարգացման, տեղեկատվության փոխանակման, անվտանգության ու պաշտպանական քաղաքականության, ինչպես նաև պաշտպանության կառավարման ոլորտներում համագործակցության լայն հնարավորություններ է ընձեռում՝ ներառելով տարածաշրջանային և միջազգային համագործակցության խթանումը:

-Արդեն երկար ժամանակ է, ինչ Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ։ Ամիսներ առաջ երկու պետությունների միջև պետական ​​սահմանի սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերվեց, և սահմանի որոշակի հատված սահմանազատվեց։ Ինչպե՞ս կգնահատեք այս բանակցությունները, և ընդհանրապես ո՞րն է Թբիլիսիի տեսակետը Երևանի և Բաքվի միջև ընթացող բանակցությունների վերաբերյալ։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ նշանակություն ունեն դրանք Հարավային Կովկասի համար։ 

-Վրաստանն անկեղծորեն շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը աջակցելու հարցում: Մեր կարծիքով՝ խաղաղ գոյակցությունը, երկխոսությունը և կառուցողական համագործակցությունը բխում են բոլորի շահերից։ Վրացական կողմը վերստին իր պատրաստակամությունն է հայտնում՝ նպաստելու և աջակցելու այս գործընթացին այնքան, որքան անհրաժեշտ է և պահանջվում է մեր հարևանների կողմից։ Հուսով ենք, որ մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի։

-Պարոն դեսպան, վերջերս շատ է խոսվում հայ-վրացական սահմանի սահմանազատման մասին, և երկու երկրների բարձր ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել վերսկսել և ավարտել Հայաստանի ու Վրաստանի պետական ​​սահմանի սահմանազատման աշխատանքները։ Ի՞նչ կարող եք ասել այս առումով, որքանո՞վ է սա կարևոր երկու երկրների հարաբերությունների համար։

-Պետական ​​սահմանի սահմանագծումը և սահմանազատումը մնում է Վրաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունների օրակարգային կարևոր կետ։ Եվ ինչպես նշվել է վարչապետ Փաշինյանի՝ Թբիլիսի կատարած վերջին այցի ժամանակ, երկու երկրները կշարունակեն աշխատել այս գործընթացի վերսկսման ուղղությամբ՝ համաձայն Վրաստանի և Հայաստանի պետական ​​սահմանների սահմանազատման և սահմանագծման կառավարական հանձնաժողովների միջև հաստատված պրակտիկայի: 

-Անցյալ տարի Հայաստանի Հանրապետության կառավարությունը հրապարակեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Ինչպիսի՞ն է Վրաստանի կարծիքն այս նախաձեռնության վերաբերյալ։

-Հաշվի առնելով ներկա համաշխարհային զարգացումները՝ Հարավային Կովկասն ամբողջովին նոր հնարավորություններ է առաջարկում ողջ եվրոպական մայրցամաքի համար։ Տարածաշրջանի ռազմավարական դիրքը, որը կապում է Արևելքն Արևմուտքի հետ, ինչպես նաև էներգետիկ ռեսուրսները, կարևոր են կայուն կապի ապահովման համար: Գոյություն ունեցող, ինչպես նաև տարածաշրջանային նոր նախաձեռնություններն էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներում զգալիորեն կբարձրացնեն մեր տարածաշրջանի կարողությունը։ 

Վրաստանը կապը գերակա առաջնահերթություն է դարձրել, որի էական մասն է Միջին միջանցքը: Միջին միջանցքը, տնտեսական նախաձեռնություն լինելուց բացի, հանդիսանում է գործիք՝ ավելի մեծ տարածաշրջանային ինտեգրման և կայունության հասնելու համար: Նկատի ունենալով դա` մենք սկսել ենք մի շարք էներգետիկ և ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք նպատակ ունեն ավելի խորացնել մեր տարածաշրջանի ինտեգրումը: 

Հոկտեմբերի 22-ին Վրաստանի վարչապետը հայտարարեց ռազմավարական նշանակություն ունեցող Անակլիա խորջրյա ծովային նավահանգստի շինարարության մեկնարկի մասին՝ Ասիայի և Եվրոպայի միջև լոգիստիկ կարողությունների բարձրացման համար: Նավահանգստի նախնական ներդրումը կազմում է 600 մլն դոլար, և այն տարեկան 600 հազար կոնտեյներ տեղափոխելու հնարավորություն կունենա: Շինարարության առաջին փուլում ուղղակիորեն կաշխատի 500 ֆիզիկական անձ։ Շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են, և մենք նպատակ ունենք նավահանգստում  առաջին նավն ընդունել 2029 թվականին։ Նավահանգիստը կնպաստի երկրի տնտեսական զարգացմանը, կբարձրացնի Վրաստանի տարածաշրջանային և միջազգային նշանակությունն ու կամրապնդի մեր անվտանգությունը։ Թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական տեսանկյուններից այս նախագծի իրականացումը կենսական է։ Ծրագիրը կարևոր է Միջին միջանցքի ենթակառուցվածքային բարելավման և մրցունակության բարձրացման համար, որը լոգիստիկ երթուղի է, որը Կենտրոնական Ասիան և Չինաստանը միացնում է Եվրոպային Հարավային Կովկասով՝ Վրաստանի միջոցով: 

Խաղաղությանն աջակցելու առումով Վրաստանն իսկապես շահագրգռված է Հարավային Կովկասի երկրների միջև տարածաշրջանային համագործակցության դյուրացմամբ։ Վրաստանն առաջարկել է համագործակցության ձևաչափ, որը կարող է նպաստել տարածաշրջանային հարաբերությունների կարգավորմանը՝ երկխոսության, վստահության ձևավորման և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող կոնկրետ նախագծերի իրականացման միջոցով՝ տնտեսություն և առևտուր, մշակույթ, կրթություն և նորարարություններ և այլն։ Ընդհանուր առմամբ, մենք դիտարկում ենք տարածաշրջանային նախաձեռնություններ, որոնց նպատակը տարածաշրջանում կայուն տնտեսական զարգացման, տևական խաղաղության և կայունության ապահովումն է։

-Տնտեսական հարաբերությունները և համագործակցությունը Հայաստանի և Վրաստանի միջև. որքա՞ն է եղել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը 2023 թվականին, ի՞նչ միտումներ են նկատվում երկկողմ արտահանման և ներմուծման շուկաներում։

-Հայաստանի հետ Վրաստանի առևտրի պատմության մեջ 2023 թվականի արտահանումը ռեկորդային է եղել, և ապրանքների արտահանումը կազմել է 787 մլն 129 հազար դոլար, ինչը 34,7 տոկոսով ավելի է, քան 2022 թվականի ցուցանիշը։ Վրաստանի և Հայաստանի միջև զբոսաշրջիկների թիվը տարեցտարի ավելանում է։ Վրացական տվյալներով՝ 2023 թվականին Հայաստանից Վրաստան է այցելել 962,5 հազար զբոսաշրջիկ։ Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ 2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից այցելուների թիվը կազմել է 387 հազար 691։ Վարկանիշով Թուրքիայից և Ռուսաստանից հետո Հայաստանը երրորդն է այցելուների թվով: Ինչ վերաբերում է անցյալ տարի Հայաստան այցելած վրացիներին, ապա 348 հազար 980 այցելուների թվով Վրաստանը Հայաստանի մյուս այցելուների շարքում զբաղեցնում է 2-րդ տեղը։ 

-Ձեր կարծիքով՝ որո՞նք են այն ոլորտները, որոնք առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում երկու երկրների միջև հարաբերությունների և համագործակցության զարգացման ու խորացման առումով:

-Մենք ողջունում ենք Վրաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական սերտ կապերը և մեծ նշանակություն ենք տալիս դրանց հետագա զարգացմանը։ Հայաստանը վերջին տարիներին ավանդաբար եղել է Վրաստանի առևտրային գործընկերների լավագույն տասնյակում։ Կարծում ենք, որ կարողություն կա՝ ավելացնելու Վրաստանի արտահանումը հայկական շուկա, ինչպես նաև հայկական արտադրանքի շրջանառությունը դեպի վրացական շուկա։ Ուշադրության մյուս ոլորտներն են զբոսաշրջությունը, նորարարությունը, մշակույթը և կրթությունը: Մյուս կողմից, մենք պետք է շարունակենք աջակցել գործարար համաժողովներին, B2B-ին և բարձր մակարդակի տնտեսական այլ հանդիպումներին՝ բարելավելու մեր տնտեսությունները և մոտիվացնելու ներդրողներին՝ ավելի ակտիվ լինելու համար: Մենք պատրաստ ենք հայ գործընկերների հետ միասին աշխատել այդ խոստումնալից նպատակներին հասնելու համար։ 

-Պարոն դեսպան, ինչպես ասացիք, վերջերս ակտիվացել են բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները երկու երկրների միջև։ Վերջին բարձրաստիճան այցը տեղի է ունեցել սեպտեմբերի 16-ին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելեց Թբիլիսի։ Այս առումով որքանո՞վ եք կարևոր համարում այս այցերը երկու ժողովուրդների միջև երկկողմ կապերի ապագայի և հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման առումով: 

-Բոլոր մակարդակներով և հատկապես ամենաբարձր մակարդակով այցելություններով փոխանակվելը չափազանց կարևոր է: Այս երկկողմ քննարկումներն աստիճանաբար ամուր հիմք են ստեղծում գործնական համագործակցության և փոխգործակցության համար, որոնք, ի վերջո, վերածվում են շոշափելի արդյունքների մեր ժողովուրդների և երկրների համար:  

-Պարոն Շարվաշիձե, առաջիկայում նախատեսվո՞ւմ են բարձր մակարդակի այցեր Վրաստանից Հայաստան:

-Ինչպես գիտեք, 2024 թվականի հոկտեմբերի 26-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են լինելու: Վրաստանը Հայաստանի հետ այցերի դինամիկան նույն մակարդակի վրա պահելու շատ ամուր կամք ունի, և վստահ եմ, որ Վրաստանում նոր կառավարության ձևավորմանը կհաջորդեն ավելի շատ բարձրաստիճան այցեր։

-Պարոն դեսպան, կցանկանայի՞ք որևէ բան հավելել։

-Ինչպես գիտեք, Վրաստանի դեսպանատունը նոր հասցե ունի Ծարավաղբյուր 127՝ (0052 Երևան) Երևանի Ավան թաղամասում։ 2024 թվականի ապրիլին Վրաստանի և Հայաստանի վարչապետներ Իրակլի Կոբախիձեն և Նիկոլ Փաշինյանը նշեցին Հայաստանում Վրաստանի դեսպանատան նոր շենքի բացումը, որը նշանակալի հանգրվան էր երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերություններում։ Սա իսկապես պատմական ձեռքբերում է, որն առաջին դեպքն է, երբ Վրաստանը Հայաստանում դեսպանատան շենքի սեփականատեր է հանդիսանում: Շենքի դիզայնը ներառում է հստակ էթնիկ և մշակութային մոտիվներ՝ արտացոլելով Վրաստանի հարուստ ժառանգությունը: Դեսպանությունն իր տարածքում արդեն հյուրընկալել է մշակութային, կրթական և ազգագրական նշանակալի միջոցառումներ։ Դեսպանատունը կարճ ժամանակում դարձավ վրացի և հայ ժողովուրդների փոխգործակցության վայր։ Վերջում կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Վրաստանի և Հայաստանի երկկողմ օրինակելի հարաբերություններին համապարփակ ակնարկ տալու Ձեր հետաքրքրության և հնարավորության համար։ Ապագայում սիրով կհյուրընկալենք Ձեզ նոր դեսպանատանը: Հայաստանին և հայ ժողովրդին մաղթում եմ խաղաղություն և բարգավաճում։  

Հայերեն English ქართული Русский