Հայաստանում COP-17 համաժողովի անցկացումը կարևորագույն իրադարձություն կլինի ոչ միայն հայրենի գիտական համայնքի համար

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2026 թվականին կայանալիք «Կենսաբանական բազմազանության մասին» ՄԱԿ-ի կոնվենցիային միացած երկրների 17-րդ համաժողովը ոչ միայն կարևորագույն իրադարձություն կլինի երկրի գիտական կյանքում, այլև մասնագիտական նոր հորիզոնների ուրվագծման հնարավորություն կընձեռի ոլորտի հայ մասնագետներին: 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով COP-17 համաժողովը Հայաստանում անցկացնելու որոշմանը, նշեց կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի հետ համատեղ ստեղծված Բույսերի բազմազանության և էկոհամակարգերի ուսումնասիրության ամբիոնի վարիչ Ալլա Ալեքսանյանը: 

Հայաստանը COP-17 համաժողովի կազմակերպիչ երկիր է ընտրվել նախորդ շաբաթ Կոլումբիայում տեղի ունեցած համանման միջոցառման ընթացքում: Քվեարկության արդյունքներով Հայաստանը ստացել էր 65 ձայն՝ 7 դրական քվեով շրջանցելով Ադրբեջանին:

«Մեծ պատիվ և պատասխանատվություն է նման խոշոր միջոցառում ընդունելը: Ուզում եմ ընդգծել՝ խոսքը ՄԱԿ-ի երկու ամենախոշոր կոնվենցիաներից մեկի համաժողովի մասին է, որի կազմակերպիչ երկիրը որոշվում է բավականին երկար և բարդ գործընթացի արդյունքում: Նման պատվի արժանանալու համար երկիրը պետք է համապատասխանի որոշակի, ընդ որում՝ բավականին խիստ չափանիշների: Այնպես որ, հաջորդ կոնֆերանսն Հայաստանում անցկացնելու որոշումը լուրջ առաջընթաց և ձեռքբերում է մեր երկրի համար: Դրանում, անշուշտ, որոշ ներդրում ունի նաև Հայաստանի գիտական համայնքը»,- նշեց Ալլա Ալեքսանյանը:

Մեր զրուցակիցն արձանագրեց, որ Հայաստանում նման ներկայացուցչական և հեղինակավոր համաժողովի անցկացումը մեծ պատիվ, նաև հնարավորություն է հայ գիտնականների համար՝ աշխարհին իրենց նվաճումներն ու մոտեցումները ներկայացնելու, առաջատար մասնագետների հետ անմիջականորեն շփվելու, կապեր հաստատելու, փորձի փոխանակման և մասնագիտական նոր հորիզոնների ուրվագծման առումով:

«Այդ ամենը շատ կարևոր ու խիստ անհրաժեշտ է բոլորիս համար: Սա նաև գիտական ուսումնասիրությունների արդյունքները ճիշտ հասցեատիրոջը հասցնելու հրաշալի հնարավորություն է, քանի որ համաշխարհային ընդգրկում ունեցող այդ միջոցառմանն ակնկալվում է շուրջ 10 հազար պատվիրակների, այդ թվում՝ խոշոր գիտականների, տարբեր երկրների կառավարությունների, հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների ներկայացուցիչների մասնակցություն: Պետք է կարողանանք ճիշտ օգտագործել նման բացառիկ հնարավորությունը»,- գտնում է Ալլա Ալեքսանյանը:

Կենսաբազմազանության պահպանումն ու զարգացումը ոլորտով զբաղվող հայ գիտնականների ուսումնասիրությունների կարևոր ուղղություններից է: Ներկայում իրականացվող ամենախոշոր նախագծերից է «Կենսաբազմազանությունը և կայուն տեղական զարգացումը Հայաստանում» ծրագիրը:

Ալլա Ալեքսանյանը հայտնեց նաև, որ «Վաղ գործողությունների աջակցություն՝ «Կենսաբազմազանության պահպանման գլոբալ շրջանակի» համատեքստում» ծրագրի շրջանակներում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի կողմից ներկայում մշակվում է Հայաստանի կենսաբազմազանության ռազմավարությունը և գործողությունների ազգային ծրագիրը: 

ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին կոնվենցիան» միջազգային համաձայնագիր է, որը ստորագրվել է 1992 թվականի հունիսի 5-ին՝ Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում: Հայաստանն այն վավերացրել է 1993 թվականին:

Կոնվենցիայի նպատակներն են մոլորակի կենսաբանական բազմազանության պահպանումը, դրա բաղադրիչների կայուն օգտագործումը և գենետիկական ռեսուրսների օգտագործման հետ կապված շահույթի արդար և հավասար բաշխումը, այդ թվում՝ գենետիկական ռեսուրսներին անհրաժեշտ հասանելիության ապահովման և համապատասխան տեխնոլոգիաների հավուր պատշաճի փոխանցման, ինչպես նաև անհրաժեշտ ֆինանսավորման միջոցով։

ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին կոնվենցիային» միացած երկրների համաժողովն անցկացվում է երկամյա պարբերականությամբ՝ վերածվելով ոլորտի կարևորագույն խնդիրների և հարցերի քննարկման միջազգային խոշոր հարթակի:

Հայերեն English Français Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի