Հայաստան

Ֆրանսիական կողմը ՀՀ ՆԳ նախարարության հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել

3 րոպեի ընթերցում

Ֆրանսիական կողմը ՀՀ ՆԳ նախարարության հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի Հանրապետության Անվտանգության և պաշտպանության համագործակցության տնօրինությունը հանդիպումներ է ունեցել Հայաստանի Հանրապետության ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանի ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանի հետ։

Պատվիրակության կազմում էին տնօրեն Սեբաստիեն Դորդհայնը, տեղակալ Ժիլ Բուրելը և Հարավային Կովկասում Ֆրանսիայի ՆԳ նախարարության անվտանգության հարցերով կցորդ Օլիվյե Լֆեբրը։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրությունից, կողմերը բարձր են գնահատել ձևավորված երկկողմ համագործակցությունն՝ ընդգծելով մի շարք այլ ոլորտներում ևս փոխգործակցությունն ամրապնդելու և զարգացնելու պատրաստակամության մասին։

Ներկայացվել են ՆԳ նախարարության ենթակա ծառայություններում ընթացող բարեփոխումները, մատնանշվել հենասյունային ուղղություններով կարիքների գնահատման և վերլուծության, նյութատեխնիկական հագեցվածության և փորձագիտական աջակցության անհրաժեշտությունը։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում իրականացվող ռազմավարական փոփոխությունների շրջանակում անդրադարձ է կատարվել միգրացիոն քաղաքականության մշակման, միգրացիոն հոսքերի կառավարման, ծառայության ինստիտուցիոնալ կայացման և թվային գործիքակազմերի ներդրման հարցերին:

Կողմերը կարևորել են նաև ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացը, միգրացիոն ոլորտում երկու երկրների համագործակցության զարգացման ուղիները։

Ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակում ներկայացվել են Քրեական և Համայնքային ոստիկանությունների ստորաբաժանումների հագեցվածության, Ոստիկանության գվարդիայի ձևավորման, գործառույթների և կրթական միջավայրի բարելավման հարցեր։

Երկուստեք կարևորվել է աշխատանքային հանդիպումների շարունակականության անհրաժեշտությունը, ընդգծվել են փորձագիտական աջակցություն ցուցաբերելու, անձնակազմի կարողությունների լավարկման և մարտահրավերների հաղթահարման հնարավորությունները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու սերտ համագործակցությունը։

Պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել նաև ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի հետ:

Ներկայացնելով փրկարար ծառայությունում իրականացվող բարեփոխումները՝ Կամո Ցուցուլյանը կարևորել է ծառայության ուղղությունների զարգացման և արդիականացման գործում ֆրանսիացի փորձագետների աջակցությունը, ընդգծել բնակչության պաշտպանության, ինչպես նաև աղետների ռիսկի կառավարման ոլորտի առաջնահերթությունները:

Հանդիպման ավարտին հյուրերը եղել են Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, նաև այցելել են Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա և ՆԳՆ կրթահամալիր:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում