ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը նոյեմբերի 5-ին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ Ղուրամ Ֆարուքի գլխավորությամբ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, Արա Ֆիդանյանն, անդրադառնալով ՆԳ նախարարության և Համաշխարհային բանկի սերտ համագործակցությանը, կարևորել է Պետական հատվածի արդիականացման 4-րդ վարկավորման ծրագրի շրջանակում երկու կառույցների փոխգործակցությունը, որն ընդգրկում է տարբեր ուղղություններ։
«Քննարկվել են նյութական պահուստների կառավարման, միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծման, բիզնես գործընթացների վերլուծության և մի շարք ոլորտներում թվայնացման համակարգերի արդիականացման վերաբերյալ հարցեր։
ՆԳ ներկայացուցիչները հանդիպմանը ներկայացրել են վերոնշյալ ուղղություններով արդեն իսկ կատարված աշխատանքները:
Կողմերն անդրադարձել են նաև կոնկրետ ուղղություններով ծրագրային ապահովման գործընթացների բարելավման, անձնակազմի կարողությունների զարգացման և փորձագիտական աջակցության հարցերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ ընդգծելով ՆԳ նախարարության հետ սերտ համագործակցության կարևորությունը՝ Ղուրամ Ֆարուքը պատրաստակամություն է հայտնել շարունակելու այն և քննարկվող ուղղություններով ցուցաբերել աջակցություն:
Հանդիպմանը քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: