Կոնդի պատմամշակութային միջավայրը պետք է պահպանվի. Ավինյան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնդի պատմամշակութային միջավայրը պետք է պահպանվի, այն կդառնա զբոսաշրջային կենտրոն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:
Ավինյանը հիշեցրեց, որ 2020–2021 թվականներին ինքը՝ որպես ՀՀ փոխվարչապետ, նախաձեռնել էր Կոնդի կոնցեպտի նախագծման միջազգային մրցույթ: Հիմա հասել են վերջին փուլին: Ամենայն հավանականությամբ, նվազագույնը կոնցեպտի մակարդակով լինելու է 2–3 քննարկելի նախագիծ:
«Ընդհանուր առմամբ, Կոնդի հետագա զարգացումը մենք տեսնում ենք հետևյալ կերպ. ընդհանուր պատմամշակութային միջավայրը պետք է պահպանվի, Կոնդը պետք է շարունակի մնալ ոչ թե ավտոմեքենաների հասանելիության տեղ, այլ մարդկանց քայլելու համար հարմար տեղ, զբոսաշրջիկների հավաքատեղի, զվարճանքների կենտրոն: Բուն հին Կոնդում կառուցապատումը չպետք է գերազանցի այն հարկայնությունը, որն այս պահի դրությամբ կա: Այսինքն՝ այն դառնալու է Երևանի վերակառուցված հին քաղաքը, որը դառնալու է տուրիստական կենտրոն»,–ասաց քաղաքապետը՝ հավելելով, որ, երբ նախագծերը լինեն, առարկայական կխոսեն Կոնդի և հետագա զարգացումների մասին:
Ավինյանը նշեց, որ նույնիսկ առաջարկություններ կան, որ հատուկ օրենքով նախատեսեն նոր հետաքրքիր արտոնություններ Կոնդի հետ կապված: