Սոցիալական արդարությունն արժանապատիվ կյանքի և հավասար հնարավորությունների հիմքն է․ Նարեկ Մկրտչյան
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդգծել է, որ սոցիալական արդարությունը քաղաքացիների արժանապատիվ կյանքի և հավասար հնարավորությունների հիմքն է, և Հայաստանի կառավարությունը, հետամուտ լինելով այդ նպատակին, որոշակի բարեփոխումներ է իրականացնում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն. արժանապատիվ աշխատանք» համաժողովում ունեցած ելույթում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Սոցիալական արդարությունը պարզապես գաղափար չէ, այն քաղաքացիների արժանապատիվ կյանքի և հավասար հնարավորությունների հիմքն է, և, այդ նպատակին հետամուտ լինելով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2018 թվականից ի վեր սկսել է մի շարք բարեփոխումներ, որոնք համահունչ են նաև ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին։
Նախարարը նշեց, որ համաժողովի անցկացման գաղափարը ծնվել է 2023 թվականին, երբ Հայաստանը, արձագանքելով ՄԱԿ-ի աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Ժիլբերտ Հումգոյի սոցիալական արդարության գլոբալ կոալիցիա ստեղծելու կոչին, հատարարեց, որ միանում է կոալիցիային՝ գործուն քայլեր կատարելով սոցիալական արդարության հաստատման ուղղությամբ։
Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ այժմ այդ կոալիցիայի անդամ են հանդիսանում 85 երկրներ և 238 կազմակերպություններ, որոնք միավորվում են՝ խթանելու արժանապատիվ աշխատանքը, վերացնելու մանկական և հարկադիր աշխատանքը, ամրապնդելու սոցիալական երկխոսությունը, խթանելու գենդերային հավասարությունը և այլն։
«Այսօր հնարավություն ունենք մեկ հարկի տակ համախմբել տարբեր երկրների ներկայացուցիչների, ովքեր զգալի ներդրում և արժեքավոր ասելիք ունեն, որոնց փորձն ու գիտելիքը կարող է բոլորիս համար հրաշալի օրինակ դառնալ։ Ուզում եմ առանձնահատուկ ընդգծել Խաղաղության նոբելյան մրցանակակիր, մանկական աշխատանքի վերացման և երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված պայքարում առաջամարտիկ Քայլաշ Սաթհարթիի մասնակցության կարևորությունը», - իր ելույթում ասաց ԱՍՀ նախարարը։
Վերջինս նաև շնորհակալություն հայտնեց «Արաբական ծոցի զարգացման տարածաշրջանային հիմնադրամի» և «Երեխաների զարգացման արաբական խորհրդի նախագահ, արքայազն Աբդուլ Ազիզ Բին Թալալ Բին Աբդուլ Ազիզ ալ Սաուդիին համաժողովին մասնակցություն ունենալու համար։
«Վստահ եմ, որ մյուս պատվավոր հյուրերի մասնակցությունը ևս հնարավորություն կտա ունենալ արժեքավոր և արդյունավետ քննարկումներ», - նշեց Մկրտչյանը։
Նա հավելեց, որ ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորություններին երկրի օրենսդրության համապատասխանեցումը և շարունակական բարեփոխումը երկրի քաղաքականության առաջնահերթություններից են, որի շրջանակներում վերջին շրջանում իրականացվել են ծավալուն աշխատանքներ։
«Այս պահին, օրինակ, աշխատանքներ են տարվում բռնության և ոտնձգության մասին ՄԱԿ-ի 190-րդ կոնվենցիայի վավերացման ուղղությամբ։ երկրում գենդերային հավասարության, սոցիալական պաշտպանության աջակցության, հանրային ծառայությունների հասանելիության, կանանց հավասար հնարավորությունների և իրավունքների երաշխավորման համատեքստում վավերացվել են մարդու իրավունքներին առնչվող բազմաթիվ միջազգային իրավական ակտեր», - ասաց Նարեկ Մկրտչյանը։
Նախարարը նկատեց, որ ի տարբերություն նախորդ տարիների՝ 2023 թվականին միջազգային վարկանիշային զեկույցներում ՀՀ-ի դիրքերն առավել բարելավվել են։
«Այսօրվա միջոցառման նպատակն է համախմբել տարբեր երկրների ներկայացուցիչների, կառավարության ներկայացուցիչների, քաղաքականության մշակողների, փորձագետների, ակադեմիական շրջանակների, երիտասարդության ներկայացուցիչների՝ քննարկելու երեխայի, աշխատանքի և կրթության, կանանց տնտեսական հզորացման, սոցիալական արդարության և տեխնոլոգիական ազդեցության մասին հարցեր», - նշեց նախարարը՝ հավելելով, որ անցկացվող համաժողովը դառնում է ամենամյա և այն հնարավորություն է տալիս համատեղ լուծումներ գտնել սոցիալական արդարության սկզբունքների իրականացման համար։