Վալենսիայում դասերը չեղարկվել են և երթևեկության սահմանափակումներ մտցվել ջրհեղեղի հետևանքների պատճառով
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Վալենսիայի Ինքնավար Համայնքի իշխանությունները ջրհեղեղների հետևանքների պատճառով չեղյալ են հայտարարել պարապմունքները տարածաշրջանի մայրաքաղաքի դպրոցներում, ինչպես նաև մտցրել են տրանսպորտի երթևեկության լուրջ սահմանափակումներ՝ կոչ անելով հնարավորինս աշխատել հեռավար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով քաղաքապետարանին ու արտակարգ օգնության ծառայությանը։
Ինքնավար համայնքում դեռևս մասնակիորեն պահպանվում է եղանակային վտանգի պատճառով նախազգուշացումը։ Այսպես, բնակչությանը խորհուրդ է տրվել մնալ տանը։ Նաև երկու օրով երկարաձգվել է տրանսպորտային միջոցների երթևեկության սահմանափակումը Վալենսիա մտնող և այնտեղից դուրս եկող հիմնական ճանապարհների կոլապսի վտանգի պատճառով։ Բնակիչներին խորհուրդ է տրվել աշխատել հեռավար և խուսափել անձնական մեքենաների օգտագործումից։
Արտակարգ օգնության ծառայությունը պարզաբանել է, որ տուժած շրջաններում տեղակայված է մոտ 5000 զինվորական և մոտ 2100 տեխնիկական միջոց: Մասնագետներին հաջողվել է վերականգնել էլեկտրամատակարարման 95 %-ը, սակայն 12 մունիցիպալիտետներում նախկինի նման չկա գազամատակարարում։ Բացի այդ, դեռևս փակ է երթևեկությունը տարածաշրջանի մի շարք ավտոմայրուղիներում։
Անցյալ շաբաթ Իսպանիայի հարավում և արևելքում հեղեղումների պատճառով եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակ էր սահմանվել մի շարք շրջաններում։ Ամենից շատ տարերքից տուժել է Վալենսիայի Ինքնավար Համայնքը։ Այս պահին հայտնի է ջրհեղեղի հետևանքով գրեթե 220 զոհի մասին։ Անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են: