ՀՀ - ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում քննարկվել են սահմանների համալիր կառավարման հիմնախնդիրները
2 րոպեի ընթերցում

ՀՀ - ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում քննարկվել են սահմանների համալիր կառավարման հիմնախնդիրները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ԱԱԾ-ն։
«ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների համալիր կառավարման համակարգի զարգացման ուղղությամբ ընթացող աշխատանքները քննարկելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հուլիսի 16-ին տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության, Անվտանգության խորհրդի գրասենյակի, Ներքին գործերի, Արտաքին գործերի նախարարությունների, Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչների, ինչպես նաև միջազգային փորձագետների մասնակցությամբ»,– հայտնում են կառույցից՝ ընդգծելով, որ սահմանների համալիր կառավարումը ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում իրականացվող գործողությունների կարևոր ուղղություններից է:
Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից շրջանառվող «ՀՀ պետական սահմանի համալիր կառավարման համակարգի ռազմավարության և գործողությունների ծրագրի» նախագծի ընթացքի վերաբերյալ հանգամանալից տեղեկատվություն, մասնակիցների կողմից ընդգծվել է նախագծի կարևորությունը և այն հնարավորինս շուտ հաստատելու անհրաժեշտությունը:
Միաժամանակ, միջազգային փորձագետների կողմից ներկայացվել են սահմանների համալիր կառավարման եվրոպական կոնցեպտն ու դրա պարտադիր բաղադրիչները:
Հանդիպման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն «ՀՀ պետական սահմանի համալիր կառավարման համակարգի ռազմավարության և գործողությունների ծրագրի» նախագծի լրամշակման շուրջ իրավասու մարմինների հետ աշխատանքները ակտիվացնելու և գործողությունները համաձայնեցնելու վերաբերյալ: